COP17-ին ընդառաջ Ամուլսարի հանքավայրի բացումը պատահական չէր․ Ինգա Զարաֆյան
Ամուլսարի հանքի բացումը COP17 համաժողովին ընդառաջ պատահական չի եղել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Էկոլուր» ՀԿ ղեկավար, բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ հիշեցնելով, որ մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է COP17 գլոբալ համաժողովի հյուրերին։
Հիշեցնենք, որ այսօր տրվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն ունի կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններ, նաև՝ քաղաքական։ Բեռնի կոնվենցիայի մշտական կոմիտեն կոչ արեց Հայաստանի կառավարությանը՝ անցկացնել նոր ՇՄԱԳ՝ Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ։ Այնտեղ էլի երկու-երեք տարբեր կոչեր կան՝ կապված Էմերալդ ցանցի վերանայման և հաստատման հետ, «Ջերմուկ» ազգային պարկի հաստատման և այլն։ կոչում նշված է եղել, որ քանի դեռ ոսկու հանքը չի շահագործվում, ապա դա հնարավոր է իրականացնել»:
Զարաֆյանը հայտնեց, որ հանքավայրի շահագործման գործընթացին դեմ քաղհասարակությունը պատրաստվում է տարբեր կերպ արտահայտել իր դիրքորոշումը՝ կլինեն և՛ հայտարարություններ, և՛ 4-5 միջոցառումներ, որտեղ կքննարկվի Ամուլսարի հարցը։
«Պահանջներ պետք է դրվեն։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ այդ հանքի բացումը արդեն եղել է մինչև COP17։ Քաղհասարակությունը ձեռքերը ծալած չի նստի, այդ թեման շատ արդիական է, որովհետև Ամուլսարը մեր երկրի հանքարդյունաբերական ոլորտի քաղաքականության այցեքարտն է։ Այս գործընթացում առկա բոլոր բացերը, բոլոր թերությունները խոսում են այն մասին, որ մեր քաղաքականությունն այստեղ շատ թույլ է և չի իրականացվում նույնիսկ COP -ի կոնվենցիաների պահանջները։Մինչդեռ կոնվենցիայի պահանջները պետք է ավելի բարձր լինեն, որովհետև միջազգային պարտավորություններ են»,- հավելեց բնապահպանը։
Զարաֆյանի դիտարկմամբ՝ COP17 -ին ընդառաջ նման քայլի գնալը խանգարող հանգամանք է Բեռնի կոնվենցիայի և մեր կառավարության երկխոսության մեջ։
«Դա շատ մեծ խանգարող հանգամանք , որը եղել է COP17-ից մեկ շաբաթ առաջ։ Դա լավ չէ, ես կարծում եմ, որ դա չի լավացնում մեր երկրի իմիջը՝ որպես COP17 նախագահող երկրի»,- նշեց Զարաֆյանը։
ՀԿ ներկայացուցիչը խոսելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերից ու բացասական հնարավոր ազդեցությունից, ընդգծեց, որ կան երկու պաշտոնական փաստաթղթեր, որոնցում արտացոլված են Ամուլսարի շահագործման հետ կապված մտահոգությունները։
« Դա հայտնի ԷԼԱՐԴ կազմակերպության հաշվետվությունն է, որը եղել է 2019 թ․-ին։ Նույն թվականին եղել է նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի կողմից նամակ՝ ուղղված վարչապետի գրասենյակի ղեկավարին։ Նամակում նշված է 13 կետ այն խախտումների, տարբեր ռիսկերի մասին, որոնք առկա են Ամուլսարի և՛ ՇՄԱԳ-ում, և՛ առհասարակ ծրագրում։ Այնտեղ նշված են և՛ ուրանի առկայության, և՛ ցիանային հարթակի թերությունների մասին։ Թթվային դրենաժի շատ բարձր ռիսկ ևս կա, քանի որ ունենք 200 միլիոն տոննա միայն դատարկ ապարներ։ Դա նշանակում է, որ այդ բոլորը պետք է ենթարկվեն քիմիական պրոցեսների։ Ուզում եմ ասել, որ Ջերմուկ քաղաքը առողջարանից կդառնա ուղղակի բանավան,ինչն արդեն բոլորի համար պարզ է։ Բանավանը գոյություն կունենա հանքարդյունաբերական փողերով, երբ այդ փողերը վերջանան, իսկ նրանք անպայման կվերջանան, որովհետև հանքը իր վերջն ունի, ապա բանավանը միանգամից դատարկվի։ Այս դեպքում մենք կունենանք հաջորդ լքված քաղաքը՝ Դաստակերտի նման, Սոթքի նման և այլն»,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են ստորագրահավաք իրականացնել և ստորագրված հայտարարությունը կուղարկեն COP-ի տարբեր կազմակերպությունների՝ պահանջելով «հայտարարություններից» անցնել ռեալ գործի։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

