Սերգեյ Սարգսյանը նկատում է. «Սովորաբար իշխանությունների համար հիմնականում վտանգ են ներկայացնում այնպիսի քաղաքական գործիչներ ու ուժեր, որոնք ունեն հստակ դիրքորոշում հանրային հետաքրքրության բոլոր ոլորտներում, հատկապես` աշխարհաքաղաքական նշանակության հարցերում: Անդրանիկ Թևանյանը Հայաստանում այն բացառիկ գործիչներից է, եթե` ոչ բացառիկը, ով հստակ պատկերացում ունի հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ` սկսած 102-րդ ռազմաբազայի կենսական նշանակությունից մինչև տնտեսական հարաբերությունների խորացում: Նա, ի թիվս այլնի, հայ-ռուսական հարաբերություններում խորացվող ճգնաժամի և Հայաստանի համար ահագնացող վտանգների, ինչպես նաև լուծումների մասին խոսում է նաև քրեակատարողական հիմնարկից: Ցավոք, այլ քաղաքական ուժերի մոտ չկա այդ պատկերացումը կամ հաճախ այն լղոզված է:
Անդրանիկ Թևանյանի գործը ուղիղ փոխկապակված է հայ-ռուսական հարաբերությունների հետ: Դա բոլորը գիտեն: Այն ունի որոշակի նրբություններ այն իմաստով, որ իշխանությունների կողմից յուրաքանչյուր քայլ իր ազդեցությունն է թողնում հայ-ռուսական հարաբերությունների վրա ընդհանուր մակարդակով:
Պատահական չէ, որ քաղաքական իշխանությունների, ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունների փչացման ուղղությամբ տարվող աշխատանքների ֆոնին քրեական գործ է հարուցվում և կալանավորովում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակից և ամենաակտիվ քարոզող Անդրանիկ Թևանյանը: Հայաստանի պատմությունը չունի երկրորդ նման դեպք:
Ու այստեղ առաջ է գալիս հիմնական հարցերից մեկը` իսկ ովքե՞ր են դիրքորոշում արտահայտել այս գործի վերաբերյալ, ովքե՞ր լուռ մնացին կամ ժամանակը չհերիքեց անդրադառնալու: Եթե քաղաքական միավորը կամ անհատը իրեն համարում է հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից, ապա պարտավոր է արտահայտվել այս գործի վերաբերյալ, դիրքորոշում ունենալ, աջակցություն հայտնել, ինչ-որ ձև ցույց տալ իր անհամաձայնությունը, հակառակ պարագայում ստացվում է, որ լռողները կամ դիրքորոշում չունեցողները հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից լինելու հետ որևէ կապ չունեն: ԵՄ-ն ԵԱՏՄ-ից գերադասողը որևէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:
Հ.Գ. շուտով ԱԺ-ում քննարկվելու և քվեարկվելու է ԹՐԻՓՓ-ի նախագիծը: Սա շատ կարևոր հանգրվան և սահմանագիծ է լինելու խորհրդարանական ընդդիմության համար»: