Ինչո՞ւ են վրացիներն ավելի խելամիտ դարձել ԵՄ-ին միանալու հեռանկարի վերաբերյալ, քան՝ հայերը
Ինչպես հայտնի է, Վրաստանում ավանդաբար եվրոպամետ տրամադրություններն ավելի բարձր են եղել, քան Հայաստանում:
Դա ունեցել է իր օբյեկտիվ պատճառները:
Վրացիները հարևանների հետ խնդիրներ չեն ունեցել, պատմականորեն, Վրաստանն ունի ելք դեպի ծով, ի տարբերություն Հայաստանի և այլն:
Սակայն մեր ժամանակներում կատարվել է գրեթե անհնարինը. Վրաստանում ԵՄ-ի հեռանկարի վերաբերյալ ավելի իրատեսական պատկեր է ձևավորվել, քան այսօրվա Հայաստանում:
Շատերը սույն իրողությունը բացատրում են այն հանգամանքով, որ ներկայիս ԵՄ-ի ղեկավարությունը բարյացկամ է տրամադրված Փաշինյանի հանդեպ և ճիշտ հակառակը՝ բացասական դիրքորոշում ունի Վրաստանի ներկայիս իշխանությունների հանդեպ:
Այստեղ, իհարկե, այս գործոնն աշխատում է, սակայն միայն այդ հանգամանքով չի կարելի բացատրել սույն փաստը:
Վերջերս ԵԽԽՎ-ն ընդունեց իր հաշվետվության հիման վրա եզրակացությունը Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ, որտեղ չնայած ներկայացված էին բոլոր խախտումները, այնուամենայնիվ անցած ընտրությունները գնահատվել են որպես վստահության մանդատ՝ Հայաստանի իշխանությունների հանդեպ, երկիրը տանելու դեպի ԵՄ-ի հետ ինտեգրելու ուղղությամբ:
Եվ դա այն դեպքում, երբ ԵՄ-ի ծրագրերում ներկա դրությամբ նման ծրագիր գոյություն չունի:
Մինչդեռ Վրաստանի հանդեպ ԵՄ-ի կողմից ընդունվեց հերթական բացասական բանաձևը, որտեղ անցած խորհրդարանական ընտրությունները գնահատվել էին կեղծված և կոչ էին անում անցկացնել նոր ընտրություններ:
Ընդ որում, վրացական ընտրությունների մասով չկային այն բոլոր ընտրախախտումները, որոնք արձանագրված էին հենց ԵԽԽՎ-ի դիտորդական խմբի կողմից Հայաստանում:
Ստացվում է պարադոքսալ իրավիճակ, ԵԱՀԿ-ի կողմից հայկական ընտրությունները ճանաչվում են լեգիտիմ, չնայած արձանագրվում են համակարգային լուրջ խախտումներ, իսկ վրացական ընտրությունները ճանաչվում են կեղծված, որտեղ հայկական ընտրությունների խախտումների նույնիսկ կեսը չի արձանագրվում:
Հասկանալի է, որ ներկայիս ԵՄ-ն ոչ թե օբյեկտիվ սկզբունքներով է գործում, այլ՝ իր աշխարհաքաղաքական շահերով, որտեղ չկան արժեքներ, և կան բացառապես իրենց էգոիստական շահերը:
Ընդ որում, այս քայլերում ԵՄ-ն անընդհատ խայտառակ է լինում՝ ցուցադրելով իր երկերեսանությունը:
Մասնավորապես, Եվրոբարոմետրը, որը հանրային կարծիքի հարցումների շարք է, որը պատվիրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, վերջերս անցկացրել է հարցում Վրաստանում և ստացել է ցնցող արդյունքներ:
Պարզվում է, այդ երկրում իշխանության և մասնավորապես կառավարության հանդեպ վստահությունը հասնում է 51%-ի, իսկ այդ երկրի ԱԺ-ի հանդեպ վստահությունը կազմում է 45%:
Ի հիասթափություն ԵՄ-ի այսօրվա ղեկավարների, վրացական ընդդիմության վարկանիշը արդեն այն աստիճան է իջել, որ խոսել լուրջ ընդդիմադիր դաշտի գոյության մասին այդ երկրում, արդեն չի կարելի, նշում են Եվրոբարոմետրի վերլուծաբանները:
Այսօր նրանց հիմնական պայքարն իրար մեջ է, քանզի վրաց հասարակության մեծ մասը հասկացել է, որ ԵՄ-ի ղեկավարները փորձ էին անում Վրաստանը տանել Ուկրաինայի ուղիով:
Այդ իսկ պատճառով, չնայած Վրաստանն այսօր, բոլոր պարամետրներով ավելի մոտ է եվրոստանդարտներին, քան Հայաստանը, վրացիներն այսօր հասկացել են, որ ընթանալ ուկրաինական ուղով, նշանակում է սեփական երկիրը կրկին գցել պատերազմի գիրկը:
Մինչդեռ Հայաստանում, որտեղ եվրոպական ուղու մասին գովերգում են իշխանությունները, լուրջ հակազդեցություն չի ստանում քաղաքական ընդդիմադիր շրջանակաների կողմից, որի արդյունքում Հայաստանում այսօր ԵՄ-ին ինտեգրվելու կողմնակիցները ավելի շատ են, քան հակառակորդները:
Կարելի է ասել, որ Հայաստանում ընթանում է միակողմանի քարոզ, առանց լուրջ վերլուծելու դրա հետևանքները, որի արդյունքում, չնայած հայերը անգամներով ավելի հետ են վրացիներից եվրոստանդարտների կիրառման հարցով, սակայն հայերի մոտ դեպի ԵՄ ձգտումն ավելի մեծ է այսօր, քան վրացիների մոտ:
Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանը պաշտոնապես ԵՄ-ի ինտեգրման ծրագրերում կա, իսկ Հայաստանը՝ ոչ:
Սա ոչ միայն պարադոքսալ իրավիճակ է, որը ցույց է տալիս թե ինչ աստիճանի է անտեղյակ հայ հանրությունը այս խնդիրներից, այլև ցույց է տալիս, թե հայերի անվտանգային իմունային համակարգը ինչ աստիճանի է թուլացած:
Եվ դա այն դեպքում, երբ հայերը մեծ ողբերգություն վերապրեցին Արցախի կորստից հետո, ընդամենը երեք տարի առաջ, մինչդեռ վրացիների կորուստը կատարվել էր 18 տարի առաջ:
Դրանից հետո, դժվար է վիճել այն վերլուծաբանների հետ, թե ինչու հայերը հարյուր տարի առաջ վերապրեցին մեծ ողբերգություն, իսկ վրացիները կարողացան խուսափել դրանից:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

