Եկեղեցու դեմ արշավում ՔՊ-ն կարմիր գծեր չունի, դա նրան առավելություն է տալիս. Քաղտեխնոլոգ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին: Ըստ Փաշինյանի՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պետք է մշակվեն օրենսդրական նախաձեռնություններ; Դրանք ենթադրում են փաստացի միջամտություն Եկեղեցու ներքին գործերին։
Մինչև ո՞ւր կարող է հասնել կառավարությունը եկեղեցու ու բարձրատիճան հոգևորականների դեմ իրականացվող արշավում, որո՞նք են Փաշինյանի «կարմիր գծերը»։
Panorama.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ընդգծեց՝ իշխանությունները չունեն կարմիր գծեր, ինչը քաղաքական առումով տվյալ իրավիճակում իրենց մեծ առավելություն է տալիս հատկապես ընդդիմության նկատմամբ։
Բադալյանը կարծում է, որ այս հարցի հանգուցալուծումը կախված է նաև հայ-ռուսական հարաբերությունների վերափոխումից, ինչպես նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքներից։
«Կախված այս հանդիպման արդյունքից՝ կկարողանանք ասել՝ Եկեղեցու դեմ կշարունակվի՞ քաղաքական այդ գործընթացը, որն ընթանում է իրավական պրոցեսի տեսքով, թե՞ ոչ։ Եթե ՀՀ և ՌԴ իշխանությունները փոխադարձ համաձայնության գան շատ հարցերի շուրջ, Եկեղեցու դեմ ձեռնարկված գործողությունները կարող են կարգավորվել, և քրեական հետապնդումները կդադարեցվեն», - ասաց Բադալյանը
Ըստ փորձագետի, եթե կողմերը ընդհանուր հայտարարի չգան, և ՌԴ-ն մինչև վերջ գնա ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ իր համակարգային պայքարում, ապա Հայաստանում կարող են նոր վերափոխումներ լինել, և ՀԱԵ-ի դեմ մղվող այս պայքարը կարող է անգամ առաջնահերթություն չլինել։
Հայաստանի իշխանությունները, իհարկե կարող են ստեղծել քննիչ հանձնաժողով, սակայն, Ա. Բադալյանի կարծիքով, այդ հանձնաժողովի անդամները հետագայում կարող են ենթարկվել քրեական հետապնդման՝ որպես «սահմանադրական կարգի տապալման փորձի» հանցակիցներ։
«Իրավաբանները նշում են, որ իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները իրավունք չունեն քննելու պետությունից անջատ գործող կրոնական կազմակերպության ներքին խնդիրները և այդ կառույցում իշխանափոխություն իրականացնել։ Դա նույնն է, ինչ ԱԺ-ն հանձնաժողով ստեղծի և, օրինակ, ՀՅԴ-ի՝ իրենց դուր չեկած ղեկավարին փոխելու համար քննարկի ՀՅԴ գործունեությունը ու որոշում կայացնի, որ Դաշնակցության Գերագույն մարմնի ղեկավարին իրենք փոխում են», - համեմատական անցկացրեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին, որտեղ անդրադարաձ ՀԱԵ-ի նկատմամբ ճնշումներին և այս ուղղությամբ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին, ապա ըստ փորձագետի, ցավոք, այդ գնահատականները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։
«Սկսած 90-ականներից, երբ ԵԽԽՎ-ն դիտարկում էր Հայաստանի ընտրությունները, նման բազմաթիվ զեկույցներ են հրապարակել, որոնցում ավելի խիստ քննադատություններ են հնչեցրել իշխանությունների նկատմամբ, սակայն ամենակարևորը վերջին նախադասությունն է՝ «եղած խախտումները չեն խոչընդոտել տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունները», -ասաց Բադալյանը։
Նրա գնահատմամբ, ԵԽԽՎ-ն, որպես եվրոպական կառույց, աջակցում է իշխող քաղաքական ուժին արևմտյան ծրագիրն իրականացնելու համար, մինչդեռ Եկեղեցին դեմ է այդ ծրագրին և առ այսօր վառ է պահում Արցախին վերաբերող հարցերն ու հիշողությունը։
«Իսկ դա հակասության մեջ է մտնում թե՛ իշխանության օրակարգի, թե՛ մեր տարածաշրջանում եվրոպական երկրների վարած քաղաքականության հետ»,-ասաց քաղտեխնոլոգը։

