«Կոմիտե 26»-ի ներկայացուցիչները IODA առաքելության հետ քննարկել են Հայաստանում քաղբանտարկյալներին առնչվող հարցեր
«Կոմիտե 26»-ի ներկայացուցիչները IODA (International Observatory for Democracy in Armenia ) առաքելության հետ քննարկել են Հայաստանում քաղբանտարկյալներին առնչվող հարցեր
Այսօր՝ 2026թ. հոկտեմբերի 1-ին, Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը («Կոմիտե 26») հանդիպել է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներ Հրայր Պալեանի, Խոսե Արանասի և Աննա Իվանյանի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման, ինչպես նաև իրավունքի գերակայությանն առնչվող խնդիրները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Ավետիք Չալաբյանի, Արմեն Աշոտյանի, Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող քրեական և այլ իրավական գործընթացներին։
Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ քաղաքական հետապնդումների, ընտրական իրավունքների սահմանափակման, գույքային իրավունքների խախտման և ունեզրկման դրսևորումները համակարգային բնույթ են կրում և առնչվում են նաև չորս ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամբ իրականացվող գործընթացներին։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակման ու զրկման դեպքերին, ինչպես նաև իրավական և ընթացակարգային խախտումներին։
Հանդիպման ժամանակ կարևորվել է արձանագրված դեպքերի պատշաճ փաստագրումը, դրանց իրավական գնահատական տալը և միջազգային համապատասխան կառույցների ուշադրությանը ներկայացնելը։
Ընդգծվել է մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։
«Կոմիտե 26»-ը շարունակելու է հետևողականորեն փաստագրել քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և իրավունքների խախտումների դեպքերը՝ դրանք ներկայացնելով իրավական և միջազգային համապատասխան հարթակներում։

