Պետության թաղումը՝ քաղաքական աղմուկի ու ծափերի ներքո
168.am-ի առաջնորդողը.
«Հայաստանի այսօրվա քաղաքական իրականության, ավելի ուղիղ՝ դրա խեղման կարևոր պատճառներից մեկն էլ քաղաքականությամբ զբաղվողների ու հասարակության միջև կապի բացակայությունն է։ Խոսքը հանրության հետ կապի բովանդակության մասին է, որը նվազում է կոմունիկացիոն գործիքների աճին հակադարձ համեմատական կարգով։
Մակերեսային տպավորությամբ քաղաքականությամբ զբաղվողները հանրության հետ կապի մեջ են գտնվում անընդհատ՝ սոցիալական ցանցերից՝ մինչև հարցազրույցների տաղավարներ, երկար քննարկումներից՝ մինչև կարճ տեսահոլովակներ։ Բայց դրանք բոլորը կապի նոմինալ դրսևորումներ են։
Քաղաքականությամբ զբաղվողների ու հասարակության միջև զրույց չի կայանում՝ այդ հասկացության խորքային, բովանդակ իմաստով։ Խոսողներն ասում են այն, ինչ իրենք են ցանկանում, և ցանկանում են, որ լսողները լսեն: Լսողները՝ պարզ մարդիկ, լսելով խոսողներին, լսում են ոչ թե նրանց ասածը, այլ այն, ինչ իրենք են ցանկանում լսել, կամ լսածը մեկնաբանում են՝ ըստ իրենց ճաշակի ու նախասիրության։ Արդյունքում՝ պետությունն ու հասարակությունն ապրում են անդադար քաղաքական աղմուկի մեջ, որում, սակայն, այդպես էլ զրույց, երկխոսություն չի կայանում։ Իսկ առանց հանրության հետ երկխոսության, առանց մեծ խոսակցության՝ քաղաքականությունը չի կարող գործառույթ ունենալ ու առավել ևս՝ հասնել հաջողության։
Եվ խնդիրը միայն դոգմատիկ ճշմարտությունը չէ, որ առանց երկխոսության ու բանավեճի՝ ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ։ Առանց հանրության հետ բովանդակ զրույցի, քաղաքականությամբ զբաղվողները նախ չեն ճանաչում հանրությանը և ունակ չեն ընկալելու՝ ինչ քաղաքական պահանջարկ է ներկայացնում ժողովուրդը։ Կարելի է հակադրվել, թե որակյալ քաղաքականության համար քաղաքական ուժերը պետք է ոչ թե կուրորեն հետևեն ժողովրդի պահանջարկին, որը կարող է նաև վնասակար լինել, այլ իրենք գեներացնեն պահանջարկ։ Այո, բայց դրա համար առավել ևս ու հատկապես անհրաժեշտ է իրական երկխոսություն ու զրույց հանրության հետ։ Իսկ այդ զրույցն այդպես էլ չի կայանում ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական ղալմաղալը շատ բարձր է ու խլացնում է խոսակցության ցանկացած փորձ։
Կա ավելի հիմնարար պատճառ․ ինչպես խոսողների մեծ մասը, այնպես էլ լսողները՝ հանրությունը, մեղմ ասած, խնդիր ունեն ճշմարտության հետ՝ որպես օբյեկտիվ իրականության արտահայտման միակ միջոց։ Խոսողները լավագույն դեպքում ասում են կիսաճշմարտություններ, լսողները՝ դեպքերի մեծ մասում, պատրաստ են լսել ոչ թե ճշմարտություններ, այլ այն, ինչ ցանկանում է անհատական ու հավաքական ականջն ու միտքը։ Իսկ երբ հանրային հաղորդակցության հիմքում դոմինանտ են դառնում կիսաճշմարտությունները, դրանից լավագույնս օգտվում է իշխանությունը՝ պրոպագանդիստական ու մանիպուլյացիոն հսկայական մեքենան ծառայեցնելով կիսաճշմարտությունների միջոցով սեփական (դեպքերի մեծ մասում՝ սեփականի անվան տակ հրամցվող արտաքին) քաղաքական օրակարգերն առաջ մղելու գործին։
Կիսաճշմարտություններով ապրող հասարակությունը ժամանակի հետ սովորում է կիսատությանը՝ ընդհանուր առմամբ՝ կիսահայրենիքից մինչև կիսապետություն, կիսաինքնությունից մինչև կիսաարժանապատվություն»։

