ԹԵՎԱՆՅԱՆԻ «ԳՈՐԾՈՎ» ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐԻՑ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Սերգեյ Սարգսյանը գրում է. «Անդրանիկ Թևանյանի «գործն» ունի աշխարհաքաղաքական նշանակություն Հայաստանի համար:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պրոցեսը ստացել է աշխարհաքաղաքական բնույթ Անդրանիկ Թևանյանի «գործով»: Այն ուղիղ փոխկապակցված է հայ-ռուսական հարաբերությունների, հետևաբար, Հայաստանի ճակատագրի հետ:
Այնպես է ստացվել, որ այս աշխարհաքաղաքական բախման մեջ հայտնվել են դերակատարներ, որոնք իրենց կամքից անկախ դարձել են Հայաստանի ճակատագրական որոշում կայացնողը: Մասնավորապես` Անդրանիկ Թևանյանի «գործով» դատավորը: Ցանկացած որոշում` կլինի դա բաց և հրապարակային դատավարություն անցկացնելու միջնորդությունը մերժելը, Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգելը, մեղադրական դատավճիռ կայացնելը ուղիղ փոխկապակցված են Հայաստանի ճակատագրի հետ: Այդպես է ստացվել, այդպես են դասավորվել հանգամանքները:
Բոլորի համար պարզ է, որ Անդրանիկ Թևանյանը և նույն «գործով» անցնող Արեգնազ Մանուկյանը որևէ հանցանք չեն կատարել, նրանց նկատմամբ Ն.Փ.-ի հայտարարությունից հետո սկսված գործընթացը դասական, դասագրքային քաղաքական հետապնդում է: Հետևաբար, ցանկացած որոշում, որը կհամընկնի Ն.Փ.-ի քիմքին հաճո ցանկություններին, ոչ այլ ինչ է, քան քաղաքական գործողություն` «Անարդարադատություն»:
Պատմության ընթացքը որոշել են մարդիկ` անուն, ազգանուններ: Ցանկացած ողբերգություն, պատմական հաջողություն, անկախության վերացում, ազգային վերելք, պետականության կործանում ունի անուն, ազգանուն:
1. 1937 թվականի հայաստանյան բռնաճնշումներն ունեն անուն, ազգանուն` Խաչիկ Մուղդուսի,
2. Սյունքի ազգային-ազատագրական պայաքարի անհաջողություններն ունեն անուն, ազգանուն` Մելիք Ֆրանգյուլ,
3. Աննի Բագրատունյաց թագավորության կործանումը ունի անուն, ազգանուն` Պետրոս Գետադարձ,
4. Արցախի պետականության կործանումն էլ անուն, ազգանուն ունի: Դա դաջված է, այևս երբեք չի մաքրվելու:
Հազարամյակներով հայ ժողովուրդը հիշում է նրանց:
Մարդուց է կախված ամեն ինչ: Համակարգերի ազդեցությունը, իշխանության ճնշումը, աշխատանքից հեռացման սպառնալիքը և այլ հանգամանքներ չեն կարող որևէ պարագայում արդարացնել ապօրինությունը կամ դառնալ հակապետական, հակաազգային որոշումների կայացման պատճառ: Ճնշմանը տրվում է նա, ում հնարավոր է ճնշել, սպառնալիքին տրվում է նա, ով թույլ է, վախենում է նա, ով վախկոտ է: Չէ՞ որ Արամ Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Մխիթար Սպարապետը, Գարեգին Նժդեհը նույնպես դուրս են եկել գործող կարգերի դեմ ու հաղթել: Նրանց նույնպես հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու:
Հիմա պատմական որոշումը, որը կկանխորոշի Հայաստանի ճակատագիրը, դրված է Անդրանիկ Թևանյանի «գործով» դատարանի վրա, որը նույնպես ունի անուն, ազգանուն: Ինչպես նշել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը` ցանկացած որոշում` կալանք և դատավճիռ իր «գործով» կկանխորոշի Հայաստանի ապագան հետևյալ հարցերում`
1. Հայաստանը գնո՞ւմ է ուկրաինացման ճանապարհով (այսինքն՝ վերածվում է ավերակների), թե՞ ոչ։
2. Հայաստանը մնո՞ւմ է պետություն, թե՞ դառնում է «Արևմտյան Ադրբեջան»։
3. ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։
Բարդ որոշում չէ: Մի փոքր համարձակություն է պետք:
Հ.Գ. Լուսանկարում ԱՄՆ դատավոր Ուորեն Բըրգերն է: Ուոթերգեյթի սկանդալի ընթացքում, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնի դեմ հարուցված քրեական հետաքննությունը հասել էր ԱՄՆ Գերագույն դատարան, դատարանը՝ գլխավոր դատավոր Ուորեն Բըրգերի նախագահությամբ, 1974 թվականին միաձայն որոշեց, որ նախագահը չի կարող «գործադիր արտոնության» պատրվակով չտրամադրել քրեական գործի համար անհրաժեշտ ձայնագրությունները։
Ուորեն Բըրգերը նույնպես ընտանիք ուներ, հարազատներ, իր պաշտոնն ու իր անձնական կյանքը։ Նա, ինչպես ցանկացած մարդ, կարող էր մտածել իր պաշտոնի, ապագայի և ընտանիքի մասին։ Սակայն վճռական պահին նա առաջնորդվեց ոչ թե անձնական ապահովությամբ, այլ այն համոզմամբ, որ օրենքը պետք է գործի նաև նախագահի նկատմամբ ու հաղթեց։ Կարճ ժամանակ անց Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց: ԱՄՆ պատմության միակ նախագահը, ով հրաժարականով է հեռացել իշխանությունից:
Այսօր, երբ խոսում ենք այդ որոշման մասին, կարևոր է հիշել ոչ միայն դրա իրավական նշանակությունը, այլև այն մարդկային պատասխանատվությունը, որ կրում է պաշտոնատար անձը։ Պաշտոնը, պաշտոնական դիրքն ու անձնական շահերը չեն կարող ավելի բարձր լինել, քան օրենքը։
Ուոթերգեյթի գործով Բըրգերի նախագահությամբ ընդունված որոշումը հենց այդ պարզ, բայց ծանր ճշմարտության օրինակն է՝ իշխանությունը ժամանակավոր է, իսկ օրենքի ու հայրենիքի առաջ պատասխանատվությունը՝ ոչ։

