Ուղևորներն ստիպված են եղել վնասազերծել իրար հետ կռվող օդաչուներին, ապա «զավթել» օդանավը և վթարային անվնաս վայրէջք կատարել. լրիվ «Հոլիվուդ»
Հոլիվուդի կինոստուդիաները նոր բլոկբաստերի արտակարգ սցենար են ստացել: Դեպքերը ծավալվել են այսօր, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի օդանավում:
Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Դուբայից Թել Ավիվ ուղևորվող և Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած Flydubai-ի ինքնաթիռի մի օդաչուն դանակահարել է մյուսին։ Դեպքերի նման վարկած է ներկայացնում, մասնավորապես, իսրայելական i24News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։
Իսրայելցի ուղևորուհիներից մեկի խոսքով, նախատեսված ժամանման ժամից մոտ մեկ-երկու ժամ առաջ օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Մի քանի ուղևոր կարողացել են բացել դուռը և տեսել են «առատ արյուն». օդաչուներից մեկը վիրավորված է եղել ծալովի դանակով։
Դրանից հետո ինքնաթիռը մի քանի րոպեով լիովին կորցրել է կառավարումն ու սկսել ցած ընկնել։ Ականատեսի վարկածով՝ ինքնաթիռն աղետից փրկել են իսրայելցի ուղևորները։ Նրանց թվում եղել են բուժքույր և բժիշկ, որոնք առաջին օգնություն են ցույց տվել վիրավոր օդաչուին, ինչպես նաև մասնագետ օդաչուներ, որոնց հաջողվել է ստանձնել ինքնաթիռի ղեկավարումն ու վայրէջք կատարել։ Օդաչուի վրա հարձակվողը նույնպես վնասազերծվել է ուղևորների ջանքերով, պնդում է նա։
Ավելի վաղ Իսրայելի 14-րդ հեռուստաալիքը պնդում էր, որ պատահարի պատճառը կարող էր լինել օդաչուներից մեկի՝ ինքնաթիռը կործանելու փորձը, ինչին խանգարել էր երկրորդ օդաչուն՝ դիմադրելով նրան։ Արդյունքում շուրջ 180 ուղևորով օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքում։ Flydubai ընկերությունը խոստացել էր մոտ ժամանակներս պահեստային ինքնաթիռ ուղարկել այնտեղ՝ ուղևորներին Իսրայել հասցնելու համար։
«Վարկած կա, որ օդաչուներից մեկը կարճ ժամանակում 30 հազար ֆուտ բարձրությունից կտրուկ իջեցրել է օդանավը մինչև 15 հազար ֆուտ։ Մյուս օդաչուն, նրա հետ ձեռնամարտի բռնվելով, կանխել է աղետը», — հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:

