Ֆրանսիացի վերլուծաբանները նշում են, որ ԵՄ-ն չի պատրաստվում ընդունել Հայաստանին իր կազմում
Այն, որ ԵՄ-ում չեն դիտարկում Հայաստանը, նույնիսկ հեռավոր ապագայում, միության կազմում, գիտեն գրեթե բոլոր վերլուծաբանները, բացառությամբ՝ Հայաստանում գործող շրջանակների, որոնք անկեղծորեն համոզված են, որ ԵՄ-ն կցանկանա Հայաստանը տեսնել իր կազմում՝ հակադրվելով Մոսկվայի նպատակներին:
Սակայն իրականությունը այլ բանի մասին է խոսում:
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականի վերլուծաբանԷլուա Պասոտը (Eloi Passot), ով նաև համարվում է Կովկասի և Մերձավոր Արևելքի լավագույն մասնագետներից մեկը, նշում է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հեռանկարը խիստ պատրանքային է։
Եվրամիությունը ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում չունի Հայաստանն իր շարքերն ընդունելու մտադրություն։ Սա պատրանք է։ Սակայն ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանն օգտագործել Ռուսաստանի հետ նոր բախման մեջ։ Հայաստանում ստեղծված իրավիճակը որոշ չափով հիշեցնում է Մոլդովայում ստեղծված իրավիճակը՝ սրվող սառը պատերազմ, որին միջամտում են և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, նշում է ֆրանսիացի վերլուծաբանը։
Ինչո՞ւ է Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունն անիրատեսական հեռանկար
Հայաստանը սկսել է փոխել իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը, սակայն այն չի կարող նույնքան արագ փոխել իր տնտեսության աշխարհագրությունը։ Այն ցամաքով շրջապատված երկիր է և սահմանակից չէ Եվրամիության հետ։ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտահանման 35%-ը, մինչդեռ ԵՄ-ին բաժին է ընկնում ընդամենը 8%-ը։ Հայաստանը իր գազի ավելի քան 85%-ը ներմուծում է Ռուսաստանից, այս գործոնները, գրեթե անհնարին են դարձնում Հայաստանի հեռանկարը ԵՄ-ի կազմում, նշում է վերլուծաբանը։
Վլադիմիր Պուտինը պահանջում է, որ Հայաստանը ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու, որի անդամ է, և Եվրամիության հետ մերձեցման միջև։ Սակայն, Հայաստանը ցանկանում է պահպանել ռուսական շուկա մուտքը հենց այս միության միջոցով, քանի որ դրանից զգալի օգուտներ է ստանում։ Գազից բացի, Հայաստանը իր հացահատիկի մեծ մասը ներմուծում է Ռուսաստանից։ Ռուսաստանը նաև կարևոր աշխատաշուկա է հայ միգրանտ աշխատողների համար։ Հարցն այն է, թե արդյոք Եվրամիությունն իսկապես ունակ է փոխարինել Ռուսաստանին՝ տնտեսապես և էներգետիկ առումով, հարցադրում է կատարում վերլուծաբանը։
Ըստ ֆրանսիացի վերլուծաբանի՝ Եվրոպայում մակերեսային են դիտարկում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Ըստ նրա, Արևմուտքում ենթադրաբար կարծում են, թե մի կողմում արևմտամետ, ժողովրդավարամետ կառավարություն է, իսկ մյուս կողմում՝ ռուսամետ ընդդիմություն, որը մոտ է ավտոկրատական ռեժիմներին: Իհարկե, ընդդիմությունը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ և վրացական մոդելը դիտարկում է որպես հնարավոր տարբերակներից մեկը: Սակայն այն չի պաշտպանում Եվրոպայի հետ լիակատար խզումը, նշում է վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է կառավարությանը, նրանք շատ հեռու են նվիրված ժողովրդավարներից. Հայաստանը ցույց է տալիս օրենքի գերակայության սկզբունքներից նահանջի հստակ նշաններ: Իրականում իրավիճակը խորապես մտահոգիչ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Հայաստանը դեռևս չի հասել իրական քաղաքական կայունության: Ե՛վ կառավարությունը, և՛ ընդդիմությունը շարունակում են այս արհեստական աշխարհաքաղաքական բևեռացումը, որը շատ հեռու է կայունությանը նպաստելուց: Սա շատ տարբեր է 2010-ականների իրավիճակից, երբ Հայաստանը վարում էր փոխլրացման քաղաքականություն՝ ձգտելով պահպանել լավ հարաբերություններ բոլորի՝ և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի հետ, նշում է վերլուծաբանը:
Քանի որ Ռուսաստանը չի կարողացել ապացուցել իրեն որպես Հայաստանի պաշտպան Ադրբեջանի դեմ, Նիկոլ Փաշինյանը վարում է երկակի քաղաքականություն. մի կողմից՝ հստակ շրջադարձ դեպի Արևմուտք, մյուս կողմից՝ նահանջ իրավունքի գերակայության սկզբունքներից: Ընդդիմադիր գործիչների կամայական ձերբակալությունները մեծանում են, իսկ դատական համակարգի անկախության նկատմամբ վստահությունը նվազում է, նշում է վերլուծաբանը:
Այս ամենը ուղեկցվում է ընդգծված, իբր ինքնիշխանության և իրական հակառուսական տրամադրությունների հռետորաբանությամբ։ Մոսկվայի հետ կապեր ունեցող օլիգարխները դառնում են որսի զոհ։ Ռոբերտ Քոչարյանը՝ հանրապետության նախկին նախագահ, ով ռուսամետ հայացքներ ունի և Նիկոլ Փաշինյանի հակառակորդն է, կրկին ձերբակալված է։ Նրա հետ միասին, ձերբակալված են նաև այլ ռուսամետ համբավ ունեցող գործիչներ, ովքեր սակայն, դեմ չեն կապեր պահպանել նաև ԵՄ-ի հետ:
Կառավարությունը մտադիր է ազգայնացնել ռուսական էլեկտրաէներգոհամակարգերն և երկաթուղիները։
Այսինքն, արվում է հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանում ռուսական շահերին վնասելու և Մոսկվային զայրացնելու համար, նշում է ֆրանսիացի վերլուծաբանը։
Ըստ Էլուա Պասոտի՝ Փաշինյանը վարում է արկածախնդիր քաղաքականություն, քանի որ Հայաստանի չափից դուրս շատ կախված լինելու պարագայում, զայրացնել ռուսներին, նշանակում կանխատեսված հարված սպասել Մոսկվայից, որից տուժելու են Հայաստանի շարքային քաղաքացիները:
Այս ամենը, ըստ ֆրանսիացի վերլուծաբանի, ոչ մի կապ չունի իրական ինքնիշխանության ամրապնդման հետ:
Ինքնիշխանության քողի տակ թաքնված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մոտեցումը նաև ծառայում է եվրոպացիների շահերին, ովքեր, վերջին հաշվով, կցանկանային Կովկասի վերահսկողությունը փոխանցել Թուրքիային՝ Հայաստանը վերածելով բուֆերային պետությանը, սակայն դա շահավետ չի լինի Հայաստանի քաղաքացիներին:
Երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ եվրոպական երկրները չարձագանքեցին։ Պատերազմից հետո Հայաստանը դադարեցրեց իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որը Ռուսաստանի գլխավորած պաշտպանական կազմակերպություն է։
Ռուսները իրենց այս մոտեցումը բացատրեցին այն հանգամանքով, որ չունեին մանդատ ուղիղ աջակցելու Հայաստանին՝Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում: Մինչդեռ Հայաստանի մասով այլ է խնդիրը:
Փաշինյանն օգտագործելով այս փաստը փորձում է համոզել հայերին, որ Հայաստանը կարող է նաև գոյատևել առանց Մոսկվայի աջակցությանը:
Ըստ ֆրանսիացի վերլուծաբանի՝ ո՛չ, քանի որ անհամաչափ են, մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական պոտենցիալները:
Իսկ վերջինս անվերապահ աջակցում է Բաքվին բոլոր հարցերում:
Փաշինյանի կառավարությունը ցանկանում է հավատալ, որ Թուրքիան կարող է ստանձնել Երևանի պաշտպանի դերը։ Սակայն Թուրքիան տնտեսապես մեծապես կախված է Բաքվից։ Ադրբեջանը, հեռու «հաղթողների խաղաղություն» փնտրելուց, ցանկանում է զրկել Հայաստանին իր կենսունակությունից։ Սա «սալյամիի կտրատման» ռազմավարություն է. Ադրբեջանը աստիճանաբար, քայլ առ քայլ թուլացնում և մասնատում է Հայաստանը՝ խլելով տարածքի և ազդեցության փոքր կտորներ։ Եվ այստեղ մենք կրկին վերադառնում ենք Հայաստանի աշխարհագրական մեկուսացմանը, որը երկիրը խոցելի է դարձնում նման մարտավարության համար, նշում է վերլուծաբանը։
Վերջում Էլուա Պասոտը, ամփոփելով այս ամենը, նշում է, որ եթե Փաշինյանի այս քաղաքականությունը շարունակական բնույթ ունենա, ապա այն կարող է հանգեցնել Հայաստանի աստիճանաբար քայքայմանը, դրանից բխող անվտանգային հետևանքներով:
Այս ամենից հետո, ֆրանսիացի վերլուծաբանի ասածինավելացնելու բան չի մնացել, քանի որ Le Figaro -ի վերլուծաբանն իր հոդվածում ներկայացրել է այն ամենն, ինչ իրականակություն է;
Արտակ Հակոբյան
Zham.am

