Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող
Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցապատողն է, որի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ են գտնվում բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ:
Յուրաքանչյուր կազմակերպություն պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում իր աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ, որոնց վերապահված է շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը:
Ի պարզաբանում սեպտեմբերի 29-ին Դեֆանս Հաուզինգ թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների՝ Դեֆանս Հաուզինգը հայտնում է, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում, այլ տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, իսկ ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերության աշխատակիցներ:
Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին:
Դեֆանս Հաուզինգը հետաքրքրված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ»:
--
Անհասկանալի է կառուցապատողի դիրքորոշումը: Ի՞նչ են ուզում ասել: Թե՝ «մեր աշխատողները չեն... մեր ընկերության հետ կապ չունեն, մեզանից ի՞նչ եք ուզում...»:
Երեք մարդ է կյանքից զրկվել: Ո՞վ է պատասխանատուն, ո՞ր ընկերությունը, ո՞վ է առհասարակ հետևել վերամբարձ կռունկների շահագործման (նաև՝ մոնտժման, ապամոնտաժման աշխատանքների ընթացքում) անվտանգության պահանջների պահպանմանը:
«Նիկոլականությունը» այլևս դարձել է գործելակերպ, մտածելակերպ՝ «ինչ էլ լինի՝ մենք կապ չունենք, մենք պատասխանատու չենք»:

