Ֆրանսիական AgoraVox պարբերականը զգուշացնում է. Թուրքիան կարող է օգտվել Հայաստանում ռուսական բազայի վերացումից
Ֆրանսիական այս պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքերը, որ «Երևանը պատրաստ է հրաժարվել Գյումրու ռուսական բազայից»։ Այսպիսով, ՀՀ վարչապետը փորձում է հաճոյանալ Վաշինգտոնին և հարթել ճանապարհը ԱՄՆ ռազմական ներկայության համար։ Սակայն կա մի խոչընդոտ. Թուրքիան, այլ ոչ թե ԱՄՆ-ն կարող է օգտվել Ռուսաստանի դուրսբերումից։
Ըստ պարբերականի ֆրանսիացի վերլուծաբան Պատրիս Բրավոի՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն բարձրացրել Շիրակի մարզից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբում բարձրացրել է այդ հնարավորությունը, իսկ Հայաստանը պարզապես կարծում է, որ բազան «կենսական նշանակություն չունի» հանրապետության համար։
Ըստ ֆրանսիացի վերլուծաբանի, ՀՀ վարչապետը բառացիորեն քայլում է պարանի վրայով։ Հայտարարելով, որ ինքը չի տեսնում ռուսական բազայի կենսական անհրաժեշտություն, միաժամանակ թույլատրելով դրա շարունակական գործունեությունը, Փաշինյանը վարում է երկակի քաղաքականություն։ Ի վերջո, նա հասկանում է, որ շրջապատված է թշնամաբար տրամադրված հարևաններով, առաջին հերթին՝ Թուրքիայով, որը կարող է Հայաստանը կլանել։
Եվ նա ստանձնում է այս բոլոր ռիսկերը՝ օգնելու Վաշինգտոնին ամրապնդել իր ռազմական ներկայությունը Երևանում, չնայած որ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն, հավանաբար, չեն գա Հայաստանին օգնության Անկարայի հետ բախման դեպքում։
Ռուսական բազայի մասին իր հայտարարություններով ՀՀ վարչապետը փորձում է զգուշորեն հարթել ճանապարհը դեպի Վաշինգտոն, որը վաղուց երազում էր այստեղ իր ռազմական ներկայությունը մեծացնելու մասին, մուտք գործելու համար։ Հենց սա է պատճառը, որ Փաշինյանը ռուս-հայական հարաբերությունների հարցում պահպանում է երկիմաստ դիրքորոշում, ինչը վերջերս դարձել է նրա սովորությունը, նշում է վերլուծաբանը։
Ռուսական բազայի փակումից հետո տարածաշրջանի ռազմական և քաղաքական լանդշաֆտը արմատապես կփոխվի։ Հայաստանը, որն այժմ բացառապես կողմնորոշված է դեպի Միացյալ Նահանգներ, կդառնա «ֆուտբոլի գնդակ», տարբեր երկրների ձեռքում։
Հատկապես հետաքրքիր կլինի դիտարկել Թուրքիայի վարքագիծը՝ հաշվի առնելով նրա վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
Փաշինյանը, միգուցե չուզելով, Հայաստանը կվերածի թուրքական նահանգի։ ՆԱՏՕ-ն չի առարկի. Թուրքիան դաշինքի անդամ է։ Սակայն Թուրքիան հաճախ ապստամբություն է դրսևորում. Էրդողանը մարտահրավեր է նետում Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին, չհաշված Եվրոպային։ Անկարային դուր չի գալիս, որ իրեն քթից բռնած տանեն. նրանք գազար են մեկնում, բայց Եվրոպայի դուռը փակ է մնում։ Հնարավոր է, որ Էրդողանը հենց այս պահին կպատժի Հայաստանին՝ Եվրոպայից վրեժ լուծելու համար, նշում է ֆրանսիացի վերլուծաբանը։
Մինչդեռ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ ինքը չի տեսնում որևէ սպառնալիք հանրապետության ինքնիշխանությանը Թուրքիայի կողմից։ Նա նաև ընդգծել է, որ չի ցանկանում ռուսական ռազմաբազայի առկայությունը կապել թուրքական հարցի հետ։
Մամուլի ասուլիսում Սիմոնյանին հարցրել են, թե արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի ռուսական բազայի և հայ-թուրքական սահմանը պահպանող ռուս սահմանապահների դուրսբերմանը Հայաստանից։ Սիմոնյանը պատասխանել է, որ չգիտի՝ արդյոք Հայաստանին անհրաժեշտ կլինի բազան իր անվտանգության համար, եթե հարաբերությունների կարգավորում տեղի չունենա։
Այն պնդումը, որ «Թուրքիայից սպառնալիք չկա», իրականությանը չի համապատասխանում։ Սիմոնյանի գնահատականը, որ թուրքական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխանության համար «զրոյական» է, մեղմ ասած, իրականությունից կտրված է թվում, նշում է վերլուծաբանը։
Բավական է հիշել, որ Թուրքիան տարիներ շարունակ զինում և մարզում էր ադրբեջանական բանակը, մինչդեռ Ադրբեջանը բացահայտորեն սպառնում է Հայաստանին, մերժում է ներկայիս սահմանները, որտեղ Նախիջևանը երկրի մնացած մասից բաժանված է հայկական հողով, նշում է վերլուծաբանը։
Անկարան չի սահմանափակվում միայն անորոշ, վերացական սպառնալիքներով. Նա այն ուժի գլխավոր ռազմական հովանավորն է, որը բացահայտորեն ձգտում է տարածաշրջանային սահմանների վերագծման: Այսպես կոչված «Թրամփի միջանցքի» մասին բոլոր խոսակցությունները կարող են վաղ թե ուշ վերածվել իրական ռազմական բախման: Եվ նման սցենարում Հայաստանը պարզապես ոչ մի շանս չունի առանց Ռուսաստանի. լավագույն դեպքում այն կկորցնի որոշ տարածքներ՝ անկախ նրանից, թե ինչ է մտածում այդ մասին ներկայիս Հայաստանի կառավարությունը, նշում է վերլուծաբանը:
Այն պնդումները, որ բազան անհրաժեշտ չէ և սպառնալիք չկա, վտանգավոր են, քանի որ դրանք կեղծ անվտանգության զգացում են ստեղծում Հայաստանում, նշում է վերլուծաբանն ու զգուշացնում հայերին, որ առանց լուրջ երաշխիքների ձևավորման, այս հարցում ցանկացած կտրուկ որոշում, կարող է հանգեցնել, լավագույն դեպքում Հայաստանի համար անվերադարձ տարածքային կորուստների:
Ինչ խոսք այն ինչ նշում է ֆրանսիացի վերլուծաբանը, վաղուց հայտնի է Հայաստանի հանրության մեծ մասին:
Այլ խնդիր է, որ ներկայիս Հայաստանի գործող իշխանությունները ունեն իրենց իշխանության պահպահման ծրագրերը, որոնք միշտ չէ որ համնկնում են երկրի շահերի հետ:
Իսկ տվյալ պարագայում, Փաշինյանի վարչակազմի շահերը գրեթե 180 աստիճանով տարբերվում են Հայաստանի շահերից:
Հենց այդ պատճառով էլ Հայաստանից դուրս զարմանում են, թե ինչու է Փաշինյանը վարում այս աստիճան վտանգավոր քաղաքականություն:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

