«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա փոխվեց տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփման արգելքով: «Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ հաշվի է առնում, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տաթեւիկ Սողոյանը:
Փաստաբանն ասաց, որ երեք ամսով սահմանված տնային կալանքի որոշումը կբողոքարկեն: «Քրեական օրենքն այն սանկցիաները, որ սահմանում է այդ արարքի համար, կա՛մ տուգանքն է, կա՛մ կարճաժամկետ ազատազրկումն է՝ 2 ամիս ժամկետով, կա՛մ, եթե դրա ծանր դեպքերն են, մինչեւ 3, թե 5 տարի ազատազրկումն է: Այս պարագայում ծանր դեպքերի մասին որեւէ բան չունենք, բայց արդեն վերջնական պատիժը, որ պետք է տար, տիկին Մանուկյանը կրել վերջացրել է: Սահմանադրական դատարանն ասում է, որ տնային կալանքը մեկին մեկ հավասար է բանտային կալանքին»,- նշեց Սողոյանը:
Սեպտեմբերի 6-ին, հիշեցնենք, դատարանը մեկ ամսով երկարաձգել էր ընդդիմադիր գործչի կալանքը։ Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության 46-ամյա անդամին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով: Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, որը խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարն էր, այս գործով հիմնական մեղադրյալն է՝ իրավապահները նրան լրտեսության, պետական դավաճանության հանցանքներ են վերագրում, իսկ Արեգնազ Մանուկյանը, ըստ քննիչների, նրան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցողն է եղել: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում:
Անդրանիկ Թեւանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` Թեւանյանի վերաբերյալ միջնորդությունն ո՞վ է քննելու, ե՞րբ է լրանում կալանքի ժամկետը: «Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացրել էին երեք ամսով, որից մեկ ամիսն է անցել դեռ: Օրենքով նախատեսված է, որ դատարանն առանց միջնորդության հարցը կարող է քննարկել: Այսինքն` ժամկետը լրանալու նախորդող նիստի ընթացքում դատավորն ինքնուրույն հարցը բարձրացնում է եւ կողմերին առաջարկում է կարծիք հայտնել: Կարծիքի շրջանակներում սկզբից կարող է խոսքը տալ պաշտպանության կողմին կամ մեղադրանքի կողմին, պրակտիկայում հիմնականում առաջինը խոսում է մեղադրանքի կողմը: Դրանից հետո միջնորդություն են ներկայացնում, պաշտպանության կողմն էլ առարկում է: Մոտավորապես նույն պրոցեսն է, ինչ նախաքննական կալանքի հարցերի քննարկումը»,- ասաց Խուդոյանը:
Փաստաբանը նաեւ անդրադարձավ Արեգնազ Մանուկյանի կալանքի փոփոխմանը եւ նկատեց. «Արեգնազ Մանուկյանն իրավապահների համար շանտաժի գործիք էր, սակայն նա չտրվեց շանտաժին: Արեգնազից ակնկալիք ունեին, որ Թեւանյանի դեմ ցուցմունք տա, սակայն քանի որ նա չենթարկվեց այդ ապօրինի ակնկալիքներին, նրան կալանքի տակ պահելու իմաստ չտեսան: Դատական որոշումները գաղտնի են, եւ առաքում է ԱԱԾ-ն, ընդհուպ այդ որոշումները ձգձգեցին, որպեսզի բողոքարկման ժամկետներն ավելի երկարեն: Մանր-մանր հարցերով փորձեցին ամեն կերպ վնասել նրան: Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժի տարրեր պարունակող մտքեր են հնչեցրել, որոնց մասին չեմ կարող մանրամասնել, սակայն իրենց շատ անշնորհք ձեւով են դրսեւորել: Իրականում, Արեգնազը որեւէ ինֆորմացիա չի էլ ունեցել, որ տրամադրի: Մեղադրանքը, որ դիտարկում ենք, ենթադրություններից բացի ոչինչ չկա այնտեղ: Մեղադրանքում որեւէ գործողություն նկարագրված չէ, որ Արեգնազն ինչ-որ բան արած լինի»:
Փաստաբանը նաեւ անդրադարձավ Անդրանիկ Թեւանյանի կալանքի հարցին․ «Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում իրատեսական չէ, որ Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցը կփոխվի, այդ գործին ուղղված ուշադրությունը շատ է»: Թերեւս նկատի ունի իշխանությունների ուշադրությունը, ավելի շուտ` շահագրգռությունը:

