Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Մասյացոտնի թեմի երիտասարդները ուխտագնացության են մեկնել դեպի Շիրակի թեմ՝ օրը սկսելով հայրենիքի համար աղոթքով և հոգևոր խորհրդածությամբ։
Ճանապարհի յուրաքանչյուր հանգրվան դարձել է հոգևոր զրույցի, հիշողության և ազգային ինքնության շուրջ մտորելու առիթ։
ՀԱՆԳՐՎԱՆ 1 — ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ
Աղոթք և Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։
Աղոթից հետո Ռուբեն Սրբազանը երիտասարդների հետ խոսեց հայրենիքի և մեր ազգային ու քրիստոնեական արմատների մասին.
«Հայրենիքը մեծագույն կապ ունի հիշողության և ժառանգության հետ։ Մեր արմատները շատ խորն են։ Դրանք հասնում են մինչև Հայկ նահապետը, որից սերում ենք մենք՝ որպես հայ ժողովուրդ, հասնում են մինչև մեր քրիստոնեական ակունքները՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Տրդատ Մեծ։ Այնպիսի արմատներ են, այնպիսի հիմք է, որն անսասան է։ Բայց արդյո՞ք մենք այնքանով ենք կապված մեր արմատների հետ, որքան պետք է լինենք»։
ՀԱՆԳՐՎԱՆ 2 — ՎԱՀԱՆԱՏՈՒՆ
Հանդիպում և զրույց հոգևորականների հետ, առաջիկա ծրագրերի քննարկում, մտախաղեր, ազգային երգ ու պար։
ՀԱՆԳՐՎԱՆ 3 — ԳՅՈՒՄՐԻ
Ջերմ և սպասված հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
Դիմելով երիտասարդներին՝ Միքայել Սրբազանը մասնավորապես նշեց.
«Եթե սրբություն չունի ազգը, կենդանի լինել չի կարող։ Ինչպես սիրահարված երիտասարդի օդը չի հերիքում առանց սիրած էակի, այնպես էլ մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից։ Բայց ապրում ենք, որովհետև այդ սիրահարվածությունը չունեինք և չունենք։ Ոչ մեր պապերն ունեցան Արևմտյան Հայաստանի նկատմամբ, ոչ մենք ունեցանք և ունենք Արցախի նկատմամբ։ Աստված տա՝ գա մի օր, որ էս մնացորդից ծնվի մի սերունդ, որ ունենա այդ սիրահարվածությունն իր արժեքների նկատմամբ և չկարողանա ապրել առանց դրանց»։

