Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին
Թուրքիան և Միացյալ Նահանգները աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և ամեն ջանք գործադրում են Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկը նվազեցնելու համար։ Նյու Յորքում «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ի շեմին» թեմայով նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ ադրբեջանական կայքերի, իր ելույթում Ֆիդանը ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունը համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման գործում։ Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային զարգացման և խաղաղապահության համար։
Ֆիդանը նշել է, որ, հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, անհրաժեշտ է կառուցել արդյունավետ գործընկերություն համաշխարհային տերությունների և առաջատար տարածաշրջանային դերակատարների միջև։
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ կունենա ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 22-ին։

