Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
Սոնա Աղեկյանը նկատում է. «Մեր սերունդը Անկախության տոնին սովոր էր հայրենասիրական ոգով լցված միջոցառումների։ Հանրապետության հրապարակում՝ հաղթանակած ու հպարտ զորահանդեսի, Հայոց Եռագույնի ներքո հավաքված հազարավոր մարդկանց, մի բուռ ազգի միավորող ու ոգեշնչող մթնոլորտի։
Այդ օրը զգացողություն էր։ Հպարտություն էր։ Հաղթանակի վերապրում էր։ Եվ ամենակարևորը՝ այն մեզ հիշեցնում էր, որ անկախ պետությունը լոկ սահմաններով ու պետական ինստիտուտներով չէ, այլ նաև՝ ազգային արժանապատվությամբ, բանակով, միասնականությամբ ու սեփական ուժի հանդեպ հավատով։
Այսօր, երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր։ Մենք պարտավոր ենք վերադարձնել մեր պետական արժանապատվությունը, ազգային միասնությունն ու ապագայի հանդեպ հավատքի զգացումը, որ մեր երեխաներն էլ մի օր սեպտեմբերի 21-ը հիշեն ոչ թե որպես հերթական շոուների օր, այլ որպես մի օր, երբ ամբողջ ժողովուրդը մեկ բռունցք է, որը ոչ թե գոյատևում, այլ՝ ապրում է, պահպանելով ազգայինը և արժանիորեն փոխանցում հաջորդ սերունդներին…»

