Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան
Այս ամեն ինչը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս չարիքի իշխանությունը, Ադրբեջանի խամաճիկ կառավարությունը շարունակում է մնալ իշխանության։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Քանի այս իշխանությունը, այս նկարագրով կա, իրենք շարունակելու են բռնաճնշումները։ Նիկոլ Փաշինյանը այս դատավարություններով, կոնկրետ, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կանոնավորմամբ լուծվում է երկու խնդիր. Նախ, առաջիկայում այն հանձնումները, որ պատրաստում է իրականացնել, դրա համար փորձում է ճանապարհի բոլոր խոչընդոտները վերացնել և ապահովագրել իրեն, և երկրորդը, վրեժ է լուծում։ Վրեժ է լուծում նաև Ալիևի փոխարեն, Ալիևի տեղը, Ալիևին դուր գալու համար։ Արցախի երեք նախագահ գտնվում եմ Բաքվում, չորրորդին Ալիևի ձեռքը չի հասնում, փորձում է Նիկոլ Փաշինյանի միջոցով այս դատավարությունները, բռնությունները, խոշտանգումները, սահմանափակումները իրականացնել։
Ես Հայաստանի իրավական համակարգից ակնկալիքներ չունեմ։ Անշուշտ դեռ կան մարդիկ դատաիրավական համակարգում, որ փորձում են առնվազն որոշ գծեր պահել, բայց գնալով տեղի տալով Նիկոլ Փաշինյանի խայտառակ ճնշումներին, այս թիվը նվազում է։ Հետևաբար բոլոր հարցերի լուծումը շարունակում է մնալ մեկը ազատվել այս չարիքի իշխանությունից»,–ասաց նա։
Անդրադառնալով Ժ–ում հակադաշնակցական արշավին, Սաղաթելյանն ասաց, որ դա նոր բան չէ. «Այս մարդիկ Հայաստանի նկատմամբ իրականացնում են դենացիոնալիզացիայի ծրագիր, իսկ այդ ծրագրի իրականացման ընթացքում ազգային կազմակերպությունները, ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերը, համահայկական կառույցները, մեր ինքնության պահպանման ուղղված կառույցները պետք է լինեն հարվածի տակ։ Սա արվում է դրա շրջանակներում։ Ձեզ վստահեցնում եմ, որ չեն կարող։ Հայաստանի Հանրապետությունում մեկ անգամ նման փորձ եղել է, չի ստացվել։ Դաշնակցությունը մեկ անձի կամ մեկ հոգու համար ստեղծված կազմակերպություն չի, որ մեկ-երկու հոգի ձերբակալեն ու խնդիրը լուծեն։ Սա համահայկական ազգային ազգային գաղափարախոսության կազմակերպություն է՝ 136 տարվա կենսագրություն ունեցող։ Ինքը գոյություն է ունեցել Սուլթան Համիդների ժամանակ, բոլշևիկների ժամանակ, ու շարունակելու է իր գոյությունը ունենալ։
Նիկոլ Փաշինյան իր զիջումները, դավաճանությունները, հանձնումները արդարացնելու համար ասում է, որ ինքն էլ է ժամանակին այդպես մտածել, բայց դա սխալ ուղի է ու մեջտեղ է բերել «իրական Հայաստանի» գաղափարը։ Իրական Հայաստանի իրական հեղինակները Ալիևը և Էրդողանն են։ Նիկոլ Փաշինյանը այստեղ գործակատար է»։

