Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան
«Ընթացիկ կալանավորումների, քաղաքական հետապնդումների և իշխանության բերած արհեստական օրակարգերի անդին, 2023 թվականին Արցախից բռնագաղթած մարդկանց ծանր ու խորացող սոցիալական վիճակն է: Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները»,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել:
«Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:
Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»,- գրել է Աբրահամյանը։

