«Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան
««Հայաստան 2026. իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ խորագիր ենք ընտրել քննարկման համար, բայց, ցավոք, դա է մեր իրականությունը»,- ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ բացելով փորձագիտական քննարկումը։
Նա նկատեց, որ այսօր ապրում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ ամեն օր արձանագրվում են իրավունքի վախճանը։
Վարդանյանը հայտնեց, որ կցանկանար թվարկել քաղաքական հետապնդման ենթարկվողների անունները, բայց դրա համար երկար ժամանակ պետք կլիներ, որովհետև հայտնի քաղբանտարկյալ պետական-հասարակական գործիչներից բացի, նաև կան հարյուրավոր հետապնդվողներ, որենց մասին տեղյակ չեն։
«Եթե մենք հետևում ենք իշխանությունների գործողություններին, ապա կարող ենք տեսնել, որ նա համառորեն առաջ է տանում վերջին 8 տարիների կառավարման իր պատկերացումները՝ բռնել, դատել, խլել, ազգայնացնել»,- ասաց բանախոսը՝ շեշտելով, որ այդ հրահանգները անշեղորեն կատարելու համար իրավապահները հարուցում են քրեական գործեր, կամ թարմացնում են հները՝ փորձելով ապահովել նոր ցուցանիշներ։
«Եթե իշխանությունը մտածում է, որ հասարակության մեկուսացման և տնտեսության՝ օրեցօր խորացող այս կոլապսի և քաղաքական անհանգստության ֆոնին, այն հասարակությանը զբաղեցնելու մեթոդ է, ապա պետք է հիասթափեցնեմ, որովհետև միգուցե դա այդպես էր 5 տարի, 3 տարի առաջ, բայց՝ ոչ այսօր։ Որովհետև այսօր շատ դժվար է գտնել դյուրահավատ քաղաքացու, հանդիսատեսի, ով կհավատա այս քրեական գործերի օբյեկտիվությանը»,- ասաց Վարդանյանը:
Աղբյուրը` Panorama.am

