Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ
Այն, ինչ անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բարեփոխում չէ, այլ անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա անդրադարձել է նաև միջազգային համայնքին` նշելով, որ նրա լռությունն արդեն անհնար է արդարացնել։
«Եթե որևէ կառավարություն փորձեր որոշել հնագույն կրոնական հաստատության ղեկավարությունն ու ներքին կառավարումը Եվրոպայի մեկ այլ վայրում, դա արդարացիորեն մեծ վրդովմունք կառաջացներ։ Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»,– գրել է նա։
«Amsterdam & Partners»-ը կոչ է արել աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ առաքելական եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը։
Ամստերդամը նաև նշել է, որ այժմ կառավարությունը փորձում է առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնել բուն եկեղեցու վերափոխմանը։ Նա հիշեցրել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդն այս շաբաթ մերժեց կառավարության հերթական միջամտությունը՝ հայտարարելով, որ «Ազգային ժողովը պատշաճ հարթակ չէ եկեղեցական ներքին հարցեր քննարկելու համար», և որ եկեղեցու բարեփոխումները «չեն կարող իրականացվել արտաքին ճնշումների, սպառնալիքների կամ որևէ այլ կամայականության ներքո»։
«Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից։ Այժմ նա իրեն դասել է խորհրդարանից վեր, եկեղեցուց վեր և, ըստ ամենայնի, Աստծուց վեր։ Մոտ երկու հազար տարի Հայ առաքելական Եկեղեցին դիմակայել է կայսրերին, բռնապետերին, հալածանքներին ու ցեղասպանությանը։ Այժմ վարչապետը կարծում է, թե ինքը կարող է որոշել, թե ով պետք է ղեկավարի այն, ինչպես պետք է ինքնակառավարվի և ինչպես հայերը պետք է ընկալեն իրենց եկեղեցին»,– ընդգծել է փաստաբանը։

