Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. Դատախազը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։
Դատախազն օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ), հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (մահացել է 2007-ին), Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

