Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է...
«Իհարկե, ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանահատվածում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Զինված ուժերում վերջին 10 օրում երեք զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։
Նա շարունակեց. «Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը, անցյալը, բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Հայաստանի բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես»։
Նա նշեց, որ կարող են արձանագրվել նաև մահվան դեպքեր զորավաժարանում պայթունի հետևանքով, հիվանդության, էլեկտրահարման, ավտովթարի հետևանքով. «Ի դեպ, ավտոթվարի դեպքեր կարող են արձանագրվել նաև քաղաքացիական մեքենայով ազատ հերթափոխի ժամանակ և այլն»։
Ինչ վերաբերում է իր՝ զորամասեր այցելելուն, Պապիկյանն ասաց. «Այցերի ընթացքում իմանում եմ բաներ, որոնց մասին զեկույցների ընթացքում չեմ իմանում։ Ինձ համար անում եմ բացահայտումներ, հետևություններ»։
Նա նաև նշեց, որպես պաշտպանության նախարար, իր պատասխանատվության մասնաբաժինն ունի, բայց նաև ունեն նրանք, ովքեր քրեական ենթամշակույթին վերաբերում են թողտվությամբ։
Նա հայտարարեց, որ Հայաստանի բանակը շարունակելու է սպառազինվել և արդիականացվել։

