Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «Արմեն Գրիգորյանին վարչապետի աշխատակազմում ԱՇԽԱՏԱՆՔ եմ առաջարկել»։ Փաստորեն՝ Արմեն Գրիգորյանն ուղղակի աշխատող ա, ոչ թե քաղաքական թիմի անդամ, քաղաքական պատասխանատվություն ստանձնած, երկրի բարձրագույն պաշտոններից մեկն ութ տարի զբաղեցրած անձ։ Ու չի էլ արձանագրվում, որ եթե իրո’ք Փաշինյանը դժգոհություն չունի Գրիգորյանից, ուրեմն ինչո՞ւ է նա հեռացվում պաշտոնից։ Ու նրան, քաղաքական սուբյեկտայնությունից զրկելով, զոհաբերում է Փաշինյանը, ինչ է թե՝ Ալեն Սիմոնյանին «աշխատանք»-ի տեղավորի։ Վերջինս էլ շնորհակալություն է հայտնում։ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը, երբ պատրաստ են կուլ տալ ցանկացած նվաստացում, միայն թե էլի ինչ որ պաշտոն ստանան։ «Երբ ում ուզեմ՝ ցանկացածին քաղաքական պաշտոնից կհանեմ, երբ ուզեմ՝ հետ կբերեմ. ով հնազանդ լինի՝ մեծահոգի կլինեմ իր հանդեպ»։ Ահա ա’յս մոտեցումն է կիրառում Փաշինյանը՝ իր հակումներից զատ նաեւ Սահմանադրությամբ օժտված լինելով անսահմանափակ լիազորություններով։
Հ. Գ. Քաղաքական թիմով իշխանության գալու դեպքում որեւէ մեկի որեւէ պաշտոն զբաղեցնելը թիմի առաջնորդի մեծահոգության կամ ողորմածության դրսեւորում չպետք է լինի, եթե թիմը հրապարակավ չի պարսավում այդ մեկին որեւէ անդառնալի տապալման համար։

