Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան
«Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, որը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ոչ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, և այդ ժամկետը 2036 թվականն է, ով ինչ ուզում է ասի»,-Աժ ճեպազրույցների սրահում ՔՊ-ական Արման Եղոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հայկական ատոմակայանը փակելու իր ցանկության մասին:
Նա ասաց, որ ՀՀ իշխանությունները հայտարարեց, որ նոր ատոմակայան կառուցելու մասին են մտածում, բանակցություններ են վարում մի շարք միջազգային գործընկերների հետ՝ հիշեցնելով, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, որը ստորագրվել է 2017-ին:
Անդրադառնալով քննարկումներին, թե ատոմակայանի փակվելուց հետո ՀՀ-ն էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվի, ուստի, ըստ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի փորձագետներ են եկել, տեղանքի ուսումնասիրություններ են արել, հարմար տեղեր գտել Ադրբեջանից էներգիա բերելու, էլեկտրասյուներ տեղադրելու համար, լրագրողը հետաքրքրվեց՝ ինչ-որ ներքին պայմանավորվածություն կա՞, որ Հայաստանը պետք է Ադրբեջանից էլեկտրաէներգիա կամ գազ ստանա։
«Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ ներկրելուն կամ էներգիա ներկրել-արտահանելուն, ինչքան ավելի բաց ճանապարհներ լինեն, ինչքան ավելի շատ հնարավորություններ լինեն՝ տարբեր աղբյուրներից էներգիա և էներգակիրներ ներկրելու, արտահանելու, Հայաստանի օգուտն է, բայց դա ընդհանրապես կապ չունի ատոմակայանի հարցի հետ»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ թե Ադրբեջանից գազ կամ էլեկտրաէներգիա ձեռք բերելու քննարկումներ կան՝ Եղոյանը խնդրեց հարցը չկապել դա ատոմակայանի հարցի հետ, և չբացառեց գազ, նավթ ներկրելուն, էլեկտրաէներգիա արտահանելուն:
«Էներգետիկ այդ փոխանակումը, նկատի ունեմ՝ առևտուրը, վաճառքը և գնումը, ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իհարկե, դա չպիտի բացառված լինի երկկողմ առևտրից»,- ասաց ՔՊ-ականը։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին՝ նա սաց, որ աշխատանքն առաջ է գնում ամբողջ թափով։
«Դուք գիտեք, որ այնտեղ համապատասխան պաշտոնյաներ կան նշանակված ԱՄՆ-ի կողմից, մեր կողմից էլ կլինեն, և արդեն իրավակազմակերպչական ձևն է որոշվել։ Կարծում եմ, որ 1 տարին բավականին օպտիմալ ժամանակ էր աշխատանքների այդ մասն անելու համար։
Հիմա, թե կոնկրետ առաջին քարը ե՛րբ, ո՛ր օրն այնտեղ կդրվի, ես դժվարանում եմ ասել, բայց ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով»,- ասաց նա։

