Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան
«Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորումը այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի Սարյանի պուրակում անցկացրել է ակցիա՝ հաջակցություն իր համակարգող Ավետիք Չալաբյանի, ինչպես նաև Հայաստանի մյուս քաղբանտարկյալների։ Միջոցառման ընթացքում հանրության ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները քննադատել են իշխանությունների գործողությունները՝ հայտարարելով համակարգային բռնաճնշումների, խոսքի ազատության ճնշման և ընդդիմության հետապնդման մասին։
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանն ընդգծել է, որ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը դարձել է իշխանությունների ուղղակի արձագանքը նրա ակտիվ իրավապաշտպան և հայրենասիրական դիրքորոշմանը։ «Ավետիք Չալաբյանը հայտնվել է կալանքի տակ՝ հանուն իր սկզբունքային, անբասիր և հետևողական աշխատանքի։ Այսօր անմիջական սպառնալիքի տակ են գտնվում պետության հիմնարար ինստիտուտները՝ խոսքի ազատությունը, սեփական կարծիք ունենալու և քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Գործող ռեժիմը պարզապես չի հանդուրժում այլընտրանքային կարծիքի առկայությունը և ցանկացած գնով փորձում է վերացնել այն գործիչներին ու նախաձեռնությունները, որոնք ունակ են համախմբել հասարակությանը և դիմակայել հակազգային քաղաքականությանը»,- հայտարարել է Սողոմոնյանը։
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը շեշտադրել է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ հետապնդումների քաղաքական բնույթը՝ առանձին անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին և մարդկանց աշխատանքից զրկելուն։
«Գագիկ Ծառուկյանի և մյուս ընդդիմադիրների շուրջ ընթացող գործընթացները որևէ կապ չունեն արդարադատության հետ. սա մաքուր քաղաքական պատվեր է։ Իշխանության ներկայացուցիչները նախապես ազդարարում են բռնաճնշումների մասին, ապա ստիպում են իրավապահ մարմիններին շարքով հարուցել շինծու, բացարձակապես դատարկ և անհեթեթ քրեական գործեր։ Այս գործողությունների հետևանքով հազարավոր սովորական քաղաքացիներ, որոնք աշխատում էին Ծառուկյանի ձեռնարկություններում և բարեգործական կառույցներում, զրկվել են աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Միջազգային կառույցները լռում են, ուստի մենք չենք կարող դրսից օգնություն սպասել. քանի դեռ Հայաստանի քաղաքացիները իրենք չեն կանգնում իրենց իրավունքների և արժանապատվության պաշտպանության համար, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- ընդգծել է Աբովյանը։
Աղբյուր` News.am

