Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան
Կարգալույծ Արման Սարոյանը շարունակում է օգտվել Մայր Աթոռի հաշիվներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հարցին,թե արդյո՞ք հոգևոր ծառայություն իրականացնում է Սարոյանը, Նաթան Սրբազանն ասաց․
«Հարցը նրանում է, որ եկեղեցուն (ոչ միայն հայ եկեղեցու, այլ ընդհանրապես միջազգային կոնվենցիաներով բոլոր կրոնական կազմակերպությունների) տրվում է ներքին կանոնական ինքնավարություն,՝ որևէ մեկը չի կարող միջամտել, ձեռնադրել, չձեռնադրել, կարգալույծ անել, թե չանել, որևէ առաջնորդական պաշտոնի նշանակել, թե չնշանակել։ Այսօր անընդհատ խոսում են նրան մեր եկեղեցու կանոնադրության 68-րդ կետը, որի տեղ խոսվում է առաջնորդի իրավունքների մասին, բայց չեմ հիշում, որ այդ նույն կանոնադրության մեջ շատ ավելի առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հատվածում շատ հստակ գրված է, որ նրա իրավունքն է՝ նշանակելու առաջնորդ, փոխելու այդ առաջնորդին»։
Հարցին, թե ՔՊ-ի նախընտրական քարոզչության մաս էր՝ Կաթողիկոսին հեռացնելու հարցը, արդյոք այն հնարվոր համարում է, Սրբազանն ասաց․
«Որևէ կուսակցություն իր նախընտրական ծրագրի մեջ շատ ու շատ հարցեր է դնում։ Մի հատ գնացեք էդ ՔՊ-ին հարցրեք՝ ձեր նախընտրական խոստումներից ի՞նչն է արվել։ Արցախի, անցյալների, այսօրվա, ի՞նչն է արվում։ Ամենադատապարտելին այն է, որ նույն այսօրվա իշխանությունները հայ եկեղեցուն մեղադրում են քաղաքականության մեջ ընդգրկված լինելու, բայց երբևէ չեն մտածում, որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մեջ եկեղեցու հարցը դնելով՝ եկեղեցուն ներքաշում են քաղաքականության մեջ։ Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու»։
Աղբյուրը`Panorama.am

