Գարեգին Բ Վեհափառի դատարան կանչվելը համարում ենք անընդունելի և դատապարտելի. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը պետական պատասխանատուներին կոչ է անում հարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու և վեհափառի անձի նկատմամբ։ Տարածած հայտարարության մեջ ասվում է․
«ՄԵՐ ՀՈԳԵՒՈՐ ԵՂԲՕՐ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ՎԵՀԱՓԱՌԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՆՉՈՒԻԼԸ ԿԸ ՆԿԱՏԵՆՔ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երկու Վեհափառներս մնայուն կապի մէջ ենք իրարու հետ եւ կը խորհրդակցինք մեր Հայրենիքն ու ազգը յուզող խնդիրներու շուրջ։ Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։
Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»։

