Դա համայն հայության համար մեծագույն խայտառակություն է. Սամվել Կարապետյան
Ամենայն Հայոց կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների դեմ հարուցված վարույթի շրջանակում դատական նիստը գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ սամվել Կարապետյանը համարում է համայն հայության համար մեծագույն խայտառակություն։
«Ինձ թվում էր, որ նրանք (իշխանությունները-խմբ.) ուշքի կգան, բայց դեռ շարունակում են»,-Հակակոռուպցիոն դատարանի բակում մինչ դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով անցած դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում իշխանությունների հասցեին հնչեցրած «չտես, գյորմամիշ» արտահայտություններին, որոնք ԱԺ-ում երեկ միջադեպի պատճառ դարձան, Կարապետյանն ասաց, որ բոլորը տեսան, թե ում մեղավորությունն է։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, Կարապետյանն ասաց, դեռ պետք է կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն։
«Դրա համար գոյություն ունեն դատարաններ. Հայաստանի դատարաններ, միջազգային դատարաններ, մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ։ Եվրոպական դատարանում քայլ-քայլ գնում ենք առաջ, ունենք արբիտրաժային դատարանի որոշում, որն արգելում է իրենց ցանկացած գործողություն այդ ակտիվի հետ կապված»,-ասաց ամվել Կարապետյանը։

