«Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մուլտի Ուելնես Կենտրոնի» արդեն նախկին տնօրեն Արման Փիրոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ կենտրոնի շուրջ կատարվող զարգացումներին: «Կենտրոնին պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է եւ գործելու է «Երեւան Ուելնես Սենթր» նոր անունով․ Yerevan Wellness Center մարզահամալիրի տնօրեն է նշանակվել կենտրոնի նախկին մարզիչ Նշան Մալխասյանը։
Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք եւ սարքավորումներ, կահույք, oդափոխման եւ հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա, լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցներ եւ այլն, եւ այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։ Հայտարարում ենք, որ Երեւանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին եւ անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երեւան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։ Հարգելի՛ Երեւանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ինչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»»։
Առայժմ հայտնի է միայն, որ «Մուլտի Ուելնես Կենտրոնի» անցումը Երեւանի քաղաքապետարանի կառավարման ներքո տեղի է ունեցել տարածքի վարձակալության/օգտագործման իրավունքի դադարեցման հիմքով։ Քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է նախկին կառավարող ընկերության («Մուլտի Գրուպ» կոնցեռն/«Մուլտի Ուելնես» ՍՊԸ) տարածքի օգտագործման եւ վարձակալության իրավունքը, որից հետո քաղաքապետարանը ստանձնել է շենքի տնօրինումը եւ գործունեության կազմակերպումը՝ հիմնավորելով դա հազարավոր քաղաքացիների (հաճախորդների) շահերի պաշտպանությամբ եւ ծառայությունների շարունակականության ապահովմամբ։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Փիրոյանին։
- Այսինքն` առանց դատարանի վճռի, առանց որեւէ հիմնավորման կենտրոնը պարզապես խլե՞լ են իշխանությունները:
- Այո, որեւէ իրավական հիմք, դատարանի վճիռ չկա: Սա իսկական խայտառակություն է, ապօրինություն է տեղի ունեցել, այժմ մեր հաշվին հաճախորդներին սպասարկում են, իբր թե լավություն են անում: Ամեն բան կատարվել է ապօրինի:
- Տեղեկություններ կան, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մարզիչն է նշանակվել «Մուլտի Ուելնես Կենտրոնի» տնօրեն:
- Չգիտեմ հստակ, թե նա ում մարզիչն է եւ ինչ է, սակայն մի բան գիտեմ, որ նա երկար տարիներ եղել է մեր մարզիչը, երկար տարիներ սնվել է Գագիկ Ծառուկյանից, օգնություն է ստացել Ծառուկյանից` մրցաշարերի մեկնելու համար, մի խոսքով` ինչ իրեն պետք է եղել, արել է Գագիկ Ծառուկյանի հաշվին, առանց որեւէ խոչընդոտի:
- Իսկ գիտեի՞ք, որ նա նախընտրական փուլում ՔՊ-ին էր աջակցում, ասում են, որ անգամ Փաշինյանի քարոզարշավներին է մասնակցել:
- Վերջին շրջանում` այո, գնում էր հավաքների, բայց անգամ այդքանն իմանալով՝ մենք նրան աշխատանքից չենք հեռացրել:
- Մենք հաճախորդներից դժգոհություններ ենք ստացել, որ, օրինակ, այժմ սրբիչներ չեն տրամադրում, մարզասրահն առաջվա նման մաքուր չէ եւ այլն:
- Այո, ինձ էլ են զանգահարում եւ դժգոհություններ հայտնում: Հաճախորդներն ասում են, որ շատ վատ են աշխատում:
- «Երեւան Ուելնես Սենթր»՝ այսպես է անվանել Երեւանի քաղաքապետարանը հայտնի «Մուլտի Ուելնես Կենտրոնը»:
- Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ պոստ կամ թշնամու դիրք են գրավել, էդպես արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին…..
- Իսկ տեղյա՞կ եք` աշխատակիցները շարունակո՞ւմ են իրենց աշխատանքը, թե՞ հեռացել են:
- Ընտրել են որոշ աշխատակիցների, առաջարկություններ են արել, նրանք, ովքեր համաձայնել են որոշ պայմանների, մնացել են, սակայն որոշ աշխատակիցներ երկու օր աշխատելուց հետո դուրս են եկել աշխատանքից:
- Քանի՞ աշխատակից է հեռացել:
- Մի քանիսը հաստատ հեռացել են, չեն հարմարվել:

