Կառավարությունը վաղը կպատասխանի «Մուլտի գրուպի» աշխատակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները դեռ չեն ցրվում
Հայաստանի կառավարությունը «Մուլտի գրուպի» աշխատակիցներին կպատասխանի վաղը։ Այս մասին պարզ է դարձել իշխանությունների կողմից փակված՝ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների բողոքող աշխատակիցների և կառավարության ներկայացուցիչ Համլետ Նազարյանի հերթական հանդիպման արդյունքներով։
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է. հինգշաբթի կայացած հանդիպմանը նույն Նազարյանը խոստացել էր կառավարության պատասխանը փոխանցել երկուշաբթի օրը։ Այսօր Համլետ Նազարյանը հայտնել է, որ կփոխանցի պահանջները (ինչը խոստացել էր անել նաև հինգշաբթի) և մեկ-երկու ժամվա ընթացքում հետ կզանգի՝ վաղվա հանդիպման պայմանավորվածությունը ձեռք բերելու համար։ Հենց վաղվա հանդիպմանն էլ պարզ կդառնա, թե երբ և ինչպես կվերսկսվեն ձեռնարկությունների աշխատանքները։
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են չցրվել և սպասել զանգին։ Պահանջները բաղկացած են երեք կետից՝ երբ կբացվեն օբյեկտները, երբ կհանվեն աշխատակիցների հաշիվների վրա դրված արգելանքները, և ով է վճարելու օբյեկտների պարապուրդի համար։
Մարդիկ ընդգծում են, որ պարապուրդը շարունակվում է ավելի քան մեկ ամիս, իրենք ապրուստի և բանկերի պահանջած վարկերը մարելու միջոցներ չունեն, իսկ օբյեկտները միլիարդավոր դրամների վնասներ են կրում։ Իրավիճակը բոլորովին անորոշ է նաև ապագայի առումով. օրինակ՝ Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում հարյուրավոր համարներ են ամրագրված աշնանը Հայաստանում սպասվող COP-ի մասնակիցների համար, և պարզ չէ՝ հյուրանոցները կկարողանա՞ն ընդունել հյուրերին, թե ոչ։
Աղբյուր' News.am

