Հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը: Դրմեյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։
Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։
Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որ «Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում էր։
««Տրոյական ձին» շենքից դուրս ենք հանել, հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող քննեն «տրոյական ձիու» գործունեությունը, պատասխան եմ պահանջում ինստիտուտներից»,- ասել էր նա։
Փաշինյանի այս հայտարարությունից շատ չանցած ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հաղորդմանը։

