Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը
Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը։ Այս մասին հայտնում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլլեն Սամինը (Vlaams Belang – Ֆլամանդական շահ կուսակցություն) կրկին հարց է ուղղել փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին՝ անդրադառնալով հայ ընդդիմադիր գործիչ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը։
Պատգամավոր Սամինը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումը քննադատության է արժանացել միջազգային կառույցների կողմից՝ նշելով ԱՄՆ դեսպանության Մարդու իրավունքների զեկույցը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Freedom House-ի գնահատականները։ Նա նաև հարցրել է, թե ինչպես է Եվրոպական միությունը կարողանում համադրել Հայաստանի հետ համագործակցությունը` քաղաքական ընդդիմության, հիմնարար ազատությունների և դատական իշխանության անկախության վերաբերյալ օրեցօր աճող հետապնդումներին զուգահեռ:
Ի պատասխան՝ նախարար Մաքսիմ Պրևոն վերահաստատել է, որ Բելգիան և Եվրոպական միությունը շարունակաբար հետևում են Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և դատական իշխանության անկախության պահպանմանը, և որ այդ հարցերը մշտապես ընդգրկված են Հայաստան–ԵՄ երկխոսության օրակարգում։
Իր եզրափակիչ խոսքում պատգամավոր Էլլեն Սամինն ընդգծել է, որ Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերությունը պետք է անպայմանորեն ուղեկցվի իրավունքի գերակայության, քաղաքական բազմակարծության, ընդդիմության իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների նկատմամբ հետևողական ուշադրությամբ, քանի որ դա բխում է հենց Հայաստանի ժողովրդավարության ամրացման շահերից։

