Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով
«Պարոն Ծառուկյանի հետ կապված ընդդիմադիր ուժերը հայտարարություն արեցին, և Հանրապետական կուսակցությունը միացավ այդ հայտարարությանը։ Մենք դա որակել ենք որպես քաղաքական հաշվեհարդար, քաղաքական ռեպրեսիա պարոն Ծառուկյանի նկատմամբ։ Սա ակնհայտ է յուրաքանչյուր բանականություն ունեցող, քաղաքականության հետ որևէ աղերս ունեցող մարդու համար։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի նկատմամբ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ռեպրեսիա», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է շատ բարդ իրավիճակում և կանգնած է պետականության պահպանման հարցի առաջ։
«Հայաստանը կանգնած է պետականության այն վերջին աստիճանի վրա՝ պետականության կորստի վտանգի առաջ։ Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններին պահանջներ է ներկայացնում, իսկ իշխանությունները կատարում են դրանք, և Ադրբեջանի պահանջները ավելի են շատանում», - ասաց Շարմազանովը։
Նա անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխությունների թեմային՝ նշելով, որ, իր գնահատմամբ, դրանք վտանգ են ներկայացնում երկրի ինքնության համար։
«Եթե հանվում է անկախության հռչակագրի բովանդակությունը, եթե չկա հղում ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախի հայկականությանը, եկեղեցու բացառիկությանը, ապա ինչ է մնում»,-ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ այն քաղաքական ուժերը և գործիչները, որոնք հանդես են գալիս ազգային պետության պաշտպանության դիրքերից, ենթարկվում են ճնշումների։ Նա ներկայիս իշխանությունը բնութագրեց որպես նեոբոլշևիկյան իշխանություն՝ համեմատություններ անցկացնելով 1920-ականների իրադարձությունների հետ։
Անդրադառնալով սեփականության իրավունքի և քաղաքական գործընթացների հարցերին՝ նա նշեց , որ, իր կարծիքով, իշխանությունները ճնշումներ են իրականացնում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
«Անհրաժեշտ է համախմբում և պայքարի հստակ ծրագիր։ Մանդատը չէ պայքարին խանգարողը, մանդատը պայքարին վնաս չէ։ Կարելի է մանդատ վերցնել, ոչինչ չանել, կարելի է մանդատ վերցնել, շատ բան անել, կարելի է մանդատ չվերցնել, շատ բան անել»,- ասաց նա։
Նա կոչ արեց հասարակությանը դուրս գալ վախի մթնոլորտից և ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։
«Սա զուտ քաղաքական հարց չի, սա մեր պետության խնդիրն է։ Խնդիրը ոչ Ծառուկյանի անձն է, ոչ իմ անձն է, ոչ այն մեկի, ոչ մյուսի։ Ես գաղափարի համար եմ այստեղ», — հայտարարեց Շարմազանովը։
Անդրադառնալով իշխանության և եկեղեցու հարաբերություններին՝ նա քննադատեց կաթողիկոսի՝ Ազգային ժողով չհրավիրվելու հանգամանքը՝ դա գնահատելով որպես վիրավորական վերաբերմունք հոգևոր իշխանության նկատմամբ։

