Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Երեկ ԿԸՀ-ի կողմից դատախազության միջնորդությունը վերադարձնելուց հետո հայտնի դարձավ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով («զաստավիտով» միտինգի մասնակցություն, «փողերի լվացում»):
Արձագանքելով դրան՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այս ամենն իրենց պայքարը չի կարող կանգնեցնել։
«Մենք պատրաստ ենք այդ բարդություններին, միշտ պատրաստ ենք եղել, հիմա էլ ենք պատրաստ և ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել, բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը»,-ընդգծել էր նա։

