«Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Այս մասին փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կապարակնքումն իրականացվել է ոչ աշխատանքային օր, առանց նախապես իրենց տեղեկացնելու կամ որևէ ծանուցում ներկայացնելու։
«Ոչ աշխատանքային օր է եղել, կապարակնքել են առաջին շարքի տաղավարները։ Ժողովուրդը դուրս է եկել ակցիայի, որովհետև բոլորը հացի կռիվ են տալիս։ Մենք պատասխան չենք ստացել «Առինջ մոլի» տնօրինությունից, որոնք նույնպես դիմել են ՀՀ քննչական կոմիտե, իրենք էլ պատասխան չեն ստացել։ Մենք էլ մեր ուժերով գնացել ենք ՔԿ, բայց այնտեղից էլ պատասխան չենք ստացել»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշել է, որ այս պահին կապարակնքվել է առևտրի կենտրոնի միայն առաջին շարքը, սակայն իրենք մտավախություն ունեն, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև մյուս տաղավարների դեպքում։
«Այսօր էս հատվածն է կապարակնքվել՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, վաղը կարող է մյուս շարքը կապարակնքվել»,– նշել է նա։

