Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, եթե Իրանը հաջորդ շաբաթ չվերադառնա բանակցությունների, ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կամուրջներին և էլեկտրակայաններին։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է. «Հաջորդ շաբաթ նրանց համար շատ վատ կլինի։ Մենք կոչնչացնենք նրանց բոլոր էլեկտրակայանները, բոլոր կամուրջները, եթե նրանք չգան բանակցությունների սեղանի շուրջ»։
Նա նաև ընդգծել է, որ էներգետիկ օբյեկտները կթողնի վերջի համար, սակայն դրանք ևս կհայտնվեն թիրախում։
Թրամփի հայտարարությունները հնչել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սրման ֆոնին։ ԱՄՆ-ն վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը և իրականացրել յոթժամյա հարվածների շարք՝ հայտարարելով, որ թիրախավորվել են Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական ռազմական օբյեկտներ՝ առևտրային նավատորմի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միաժամանակ Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների համար նախատեսված 20% մաքսատուրքի գաղափարից՝ հայտարարելով, որ այն կփոխարինվի Պարսից ծոցի երկրների հետ լայնածավալ առևտրային և ներդրումային համաձայնագրերով։
Իրանի կողմից, ըստ պետական աղբյուրների, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան թիրախներին։ Քուվեյթը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանությունը որսում է իրանական անօդաչու սարքեր, իսկ Բահրեյնում միացվել են օդային տագնապի ազդանշանները։ ԱՄՆ-ն նաև մեղադրել է Իրանին տարածաշրջանում քաղաքացիական նավերի թիրախավորման համար՝ նշելով, որ զոհեր և վիրավորներ կան առևտրային նավերի անձնակազմերի շրջանում։
Թրամփի՝ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների սպառնալիքը միջազգային իրավունքի տեսանկյունից քննադատության է արժանացել։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքը նախկինում հայտարարել էր, որ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը կարող է համարվել ռազմական հանցագործություն՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների։
Լարվածությունը շարունակվում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ, որտեղ նավագնացությունը զգալիորեն նվազել է, իսկ Brent տեսակի նավթի գինը կտրուկ աճել է։ Իրանը հայտարարել է, որ կշարունակի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ և չի վերադառնա բանակցությունների ռազմական ու տնտեսական ճնշման պայմաններում։

