Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր»
Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի դեմ հարուցված քրեական գործով: Դավիթ Ղազինյանն այս պահին ԱԱԾ մեկուսարանում է: Գրում է Armlur.am-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն և ձայնագրություն էր տարածել, որտեղ նշվում էր Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,– նշվում էր հաղորդագրությունում։
Արդյունքում այս քրեական վարույթի շրջանակներում Դավիթ Ղազինյանը կալանավորվեց: Դավիթ Ղազինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ՝ ով ում է տվել, ինչ է արել, չկա այդպիսի գումար։ Նախ, եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ի՞նչ է նշանակում՝ ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ՝ սա ընտրակաշառքի գումար է։ Աբսուրդ է էլի»,– ասել էր նա։
Արդյունքում, քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվում:

