Միջազգային դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին. Աբրահամյան
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հիմքում նախկին ԼՂԻՄ-ի, Քարվաճառի և Լաչինի շրջանի՝ ՀՀ-ին հանձնումն է եղել: Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի, ևս պնդել են լուծման այդ ճանապարհը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ի դեպ, այդ գաղափարն ու դիրքորոշումները երևում են նաև Փաշինյանի՝ նախորդ տարի հրապարակված արցախյան բանակցային գործընթացի փաթեթներից:
Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, երկար տարիներ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին»։

