Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դարձել է Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր։ Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության՝ 6 խաղ, 6 հաղթանակ:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP)։
Բացի այդ, Էնթոնին ընդգրկվել է նաև մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)՝ հաստատելով, որ եղել է առաջնության ամենավառ խաղացողներից մեկը։
Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինը գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի հավաքականից խորհրդանշական հնգյակում ընդգրկվել է նաև Էթան Կազանչյանը: Նա միջինը վաստակել է 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF):
--
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի պատմական և փայլուն հաղթանակի կապակցությամբ։
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում մեր պատանիները գրանցեցին կատարյալ արդյունք՝ 6 խաղ, 6 հաղթանակ՝ արժանանալով չեմպիոնի կոչմանը և նվաճելով C դիվիզիոնի ուղեգիրը։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հավաքականի մարզչական շտաբին, խաղացողներին, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ողջ անձնակազմին, կամավորներին և բոլոր նրանց, ովքեր օր ու գիշեր աշխատեցին այս հաջողությունն իրականություն դարձնելու համար։
Այս հաղթանակը հերթական անգամ ապացուցեց, որ հայկական բասկետբոլը զարգանում է ճիշտ ուղղությամբ։ Մեր համառ աշխատանքը, հետևողականությունն ու երկարաժամկետ տեսլականը տալիս են իրական արդյունքներ՝ անկախ որոշ թափթփուկների և ապակառուցողական անձանց կողմից ստեղծվող խոչընդոտներից։

