Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյա էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշմանը և հետընտրական իրողություններին:
«Սահմանադրական դատարանի քննությունը շատերի կողմից ուշադրության կենտրոնում էր: Ինչ եղավ ի վերջո, ապօրինությունները չհաղթահարվեցին: Ես նշեցի, որ մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն: Ի վերջո նշվեցին կետեր, որոնք կարևոր էին, բայց վերջնարդյունքի տեսանկյունից զրո նշանակություն ունեին: Բայց բովանդակությունն ու ընթացքը մի քանի կարևոր հանգամանքի բերեցին.
Դրանցից մեկը նշեմ՝ վարչական ռեսուրսի չարաշահում տեղի ունեցել է, և սա ոչ թե պարզապես մեր գնահատականն է, սա այլևս Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված է։ Ատելության խոսք իշխանության կողմից տարածվել է, և դա այո, հակասահմանադրական վարքագիծ է եղել։ Այլ հարց, Սահմանադրական դատարանը, չգիտես ինչու, ասում է, որ չունեն մեթոդաբանություն, դրա ազդեցությունը գնահատելու համար։
Երրորդ հանգամանքը: Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակում և արատավորում էր, օրինակ, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, միշտ դա նշելով, չնայած նրան, որ ոչ մի կապ մեր ուժը դրա հետ չի ունեցել։ Եվ այս պնդումը նորից եմ կատարում։ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ նման իրավունք, լիազորություն չուներ հակակոռուպցիոն կոմիտեն։ Այսինքն, չէին կարող այդ աստիճան կուսակցության հեղինակությանը միջամտել, անմեղության կանխավարկածն է նսեմացնել։
Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ վարչական ռեսուրսի այս ծավալը չարաշահման, ընդհուպ մինչև կուսակցականացման իրավիճակի կարող է հանգեցնել։ Մենք ի դեպ օգտագործում էինք կուսակցապետություն եզրույթը, մոտ են ըստ էության դրանք իրար։ Մի քանի այլ հանգամանք էլ նույն սկսած սոցիալ-տնտեսական, այսպես ասած, բարեփոխումները հենց նախընտրական շրջանին մոտ կամ հենց այդ ժամանակահատվածում իրականացնելն էլ, որպես սոցիալական կաշառք դիտարկելը, այո, ողջամիտ է, և դա պետք է հետագայում կանխարգելվի։
Այսինքն, այն հիմնական խնդիրները, որոնք մենք նշել էինք մեր դիմումում, հաստատվել են Սահմանադրական դատարանի կողմից, բայց վերջն արդյունքում, ցավոք, ամենակարևոր հարցերից մեկը, նույն, օրինակ, մանդատների բաշխման կարգի փոփոխությունը տեղի չունեցավ, բայց հիշեցման կարգով, նույնիսկ «քաղաքացիական պայմանագիրը» չունեցավ դիրքորոշում պահանջելու նոր ընտրություններ, չնայած դրա մասին նախքան Սահմանադրական դատարանում գործընթացը շատ էին խոսում: Մենք պահանջում էինք նոր ընտրություններ, մենք պահանջում էինք առնվազն երկրորդ փուլ, կամ ի վերջո ձայնագողություն չիրականացվեր, այն ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Մեր ուժի կողմից նաև հայտարարվեց, որ մենք ստանձնում ենք պատասխանատվություն մանդատները վերցնելով: Այստեղ անկեղծ եմ ուզում ասել, մանդատ վերցնել, չվերցնել, այդ բանավեճը չդնենք մի կողմ։ Այստեղ կարևոր է պատասխանատվությունը, որը մենք ստանձնում ենք, դրա թե լավ, թե վատ զարգացումները։ Այո, իհարկե, ամենահեշտը կլիներ պատասխանատվություն չստանձնել, բայց ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները, 100 հազարավոր մեր հայրենակիցները, ովքեր իրենց աջակցությունը, իրենց քվեն, իրենց վստահությունը տվել են մեզ, պատկերացրել են, որ մենք, այո, պատասխանատվությունից չենք խուսափելու, և հենց այդպես էլ լինելու է։
Մի հանգամանք էլ եմ ուզում նշել։
Վերջին օրերին և նաև ամիսներին ընդհանրապես քաղաքական հետապնդումների նոր ալիք է ստեղծվել։ Եվ իհարկե դա մեծագույն ցավ է և ողբերգություն է, որը մենք տեսնում ենք մեր հասարակության մեջ։ Սա հերթական անգամ հասարակությանը պառակտելու, բաժանելու վարքագիծն է, որը չպետք է տեղի ունենա, բայց տեղի ունենում է։ Ինչի՞ համար է տեղի ունենում, որովհետև մեզ մոտ ժողովրդավարական իրական արժեքների ճգնաժամ է առկա, մենք իրավունքի գերակայությունից գնում ենք իրավունքի նսեմացման, բայց այս խնդիրները, այո, պետք է հաղթահարվեն, դրա համար պետք է վճռականություն, դրա համար պետք է ոչ մի պահ չհուսահատվել, ունենալ հավատ, ունենալ հույս և լինել սիրով լցված, սա իսկապես խնդրում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, ժողովուրդ ջան, ինչքան էլ դժվար լինի, բայց թող սա լինի շարժիչ ուժը:
Սիրելի հայրենակիցներ, նաև պետք է նշել, որ այս ժամանակահատվածում քաղաքական բանտարկյալների թիվը նաև ոչ միայն քաղաքական հետապնդումների, պատմական ռեկորդի է մոտենում։
Մենք տեսանք տեսարանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, անձ, ով 2004-5 թվականից քաղաքական ակտիվ գործընթացների մեջ։ Լավ ընդհանրապես ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող լինել ինքնանպատակ։ Այն պետք է լինի օրինական, այն պետք է լինի անհրաժեշտ, այն պետք է լինի համաչափ, դրանցից ոչ մեկը առկա չէր։ Այնուհետև բոլորը կանխատեսում էին, որ իհարկե դատարանները կալանքի որոշում են կայացնել, մինչդեռ իրավական գործընթացը չի կարող այդպիսին լինեն, հենց իրավունքի գերակայությունը նրա մասին է, որ կարող է լինել քաղաքական իշխանության ցանկություն, կարող է լինել քաղաքական պատվեր, որոնք ձևական առումով օրենքի շրջանակներում փաթեթավորվեն, բայց իրավունքը պետք է ճեղքի այդ ամենը և գերակայողը լինի։ Սահմանադրությունը դա է նախատեսում, բայց մենք նաև հակասահմանադրական այդ իրավիճակն ենք տեսնում։
Այս առիթը օգտագործելով ուզում եմ ազատություն մաղթել բոլոր քաղբանտարկյալներին։ Ուզում եմ հույս հայտնել և դրա ուղղությամբ նաև պատկերացնում եմ, թե ինչ գործողություններ պետք է նաև կատարվի, որ իրավունքը իրա պես գերակայի և գերակայող արժեք լինի։ Աստված բոլորին պահապան, լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալ եմ», — նշել է նա։

