«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից
Դերենիկ Մալխասյանը գրում է. «Նիդեռլանդներից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մայկե Անդրիեսեն կոչ է արել Եվրամիությանը հրաժարվել Հայաստանին իր շարքերը հրավիրելու գաղափարից, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը աշխարհագրորեն կտրված է եվրոպական տարածքից։ Եվրահանձնաժողովին ուղղված իր պատգամավորական հարցման մեջ նա պնդում է, որ Եվրամիությունը պետք է մնա տնտեսական միություն, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախագիծ, և ընդլայնման քաղաքականության մեջ առաջնորդվի մայրցամաքի հստակ սահմաններով։
Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես չխոստանալ Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը, որպեսզի Երևանում կեղծ ակնկալիքներ չձևավորվեն, իսկ հանրապետության հետ համագործակցել այնպես, ինչպես Եվրամիությունը համագործակցում է միավորման կազմից դուրս գտնվող ցանկացած այլ պետության հետ։ Անդրիեսեն նաև զգուշացրել է Բրյուսելին քաղաքական իրավիճակով պայմանավորված հապճեպ որոշումներ կայացնելուց՝ որպես նման մոտեցման բացասական հետևանքների օրինակներ բերելով Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հայտերը։
Անդրիեսեն ներկայացնում է աջակողմյան «Ազատության կուսակցությունը» (PVV) և անդամակցում է Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» (Patriots for Europe) խմբակցությանը, որը թվաքանակով երրորդն է Եվրախորհրդարանում»։

