Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան
Հայաստանի բնակչության կեսից ավելին մերժել է այս իշխանություններին։ Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր աչքի առաջ տեղի ունեցան ճնշումներ, ձերբակալություններ, մեղադրանքներ, արտաքին ուժերի միջամտություն։ Աննախադեպ, կամ ինչպես իրենք են ասում՝ «պատմական» կեղծիքներ։ Մարդիկ կանգնած են իշխանությունը կորցնելու և պատասխանատվության ենթարկվելու վախի առաջ, ինչից ամեն կերպ փորձում են խուսափել», — այսպես է բնութագրել ընտրությունները Սրբազանը։
Բայց և այնպես, տեղի ունեցածը նա դիտարկում է որպես հերթական քայլ՝ չարիքի իշխանությունը տապալելու ճանապարհին։
«Թե ինչպես են ստացել այդ 49 տոկոսը՝ դեռ պետք է պարզվի, և արդեն իսկ պարզվում է, հիմա դրան գնահատական չեմ տալիս։ Բայց 51 տոկոսը մերժել է իրենց ու իրենց ծրագրերը։ Պարծենում էին, թե 65 և ավելի տոկոս են հավաքելու, հանրաքվեի հարց էին քննարկում, աչքալուսանք էին տալիս տարբեր կենտրոնների», — նշել է արքեպիսկոպոսը։
Դիմելով հանուն արդարության պայքարողներին (այսպես է Գալստանյանն անվանում ընդդիմությանը)՝ նա ընդգծել է, որ հուսահատվելու առիթ չկա. «Սպասումները շատ էին, և թվում է, թե նպատակին չենք հասել։ Բայց սա հետևողական պայքար է, այն սահմանափակված չէ որոշակի ժամանակահատվածով։ Սա ևս մեկ քայլ է առաջ և հերթական հաղթանակը, որին հասանք՝ իշխանությունների գործադրած բոլոր ճնշումներին հակառակ», — եզրափակել է Բագրատ Սրբազանը։
Աղբյուր՝ News.am

