Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց
«Ինքն իր անցկացրած հարցումների արդյունքներից չի իմանում իր պարտվելու մասին։ Իրական վիճակը իրեն շատ ավելի օպերատիվ ներկայացնում են ԱԱԾ-ն և մյուս պետական ինստիտուտները։ Հենց այդ պատճառով էլ այսօր տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ իշխանության ներկայացուցիչները հայտնվել են աննախադեպ ծանր հոգեբանական և քաղաքական վիճակում»,- այս մասին «Հայելի ակումբ»-ում հայտարերեց ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ ՔՊ-ն այլևս օրակարգ թելադրել չի կարողանում։
«Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին։ Նրանք այլևս չեն կարողանում թելադրել օրակարգը, ինչպես անում էին նախկինում։ Եթե նախկինում իրենք էին որոշում, թե հասարակությունը ինչ թեմաներով պետք է խոսի, ապա այսօր իրենք են ստիպված արձագանքել հասարակական ու քաղաքական օրակարգին»,- նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի խոսքով, այս պահին իշխանության միակ զենքը վախեցնելն ու ահաբեկելն է, որպեսզի քվեարկությանը ցածր մասնակցություն լինի։
«Նպատակը մեկն է՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընտրություններին։ Երբ իշխանությունը կորցնում է հանրային վստահությունը, սկսում է հույս դնել ոչ թե իր ձեռքբերումների, այլ մարդկանց հիասթափեցնելու և ընտրական գործընթացից հեռացնելու վրա»,-ասաց նա։
Դիմելով քաղաքացիներին՝ Ս. Սուրենյանցը նշեց, թե ցանկանում են փոփոխություն, ապա անհրաժեշտ է մասնակցել ընտրություններին և ձայն տալ այն քաղաքական ուժերին, որոնց ծրագրերին ու նպատակներին վստահում են։
«Միաժամանակ կարևոր է նաև դեմ քվեարկել այն ուժերին, որոնց քաղաքական գործունեությունը, ձեր գնահատմամբ, չի համապատասխանում երկրի զարգացման շահերին։ Պետք չէ ունենալ այնպիսի իլյուզիաներ, թե ցանկացած իշխանություն պարտադիր կհեռանա միայն ընտրությունների արդյունքներով։ Հեղափոխություն անելը մեր սահմանադրական իրավունքն է։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ կա մի սահման, որից հետո հասարակության նկատմամբ կիրառվող ճնշումներն ու ռեպրեսիաները դադարում են աշխատել»,-ընդգծեց նա։

