Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօրվանից զբաղվելու է իր հետազոտություններով և բուժումներով, մայրը կսկսի նրա լուրջ խնամքով զբաղվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հայտնել էինք, որ ապրիլի 14-ին 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Միաժամանակ, դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:
«Դավիթին հարվածելու փաստը հաստատող տեսագրություն ենք ներկայացրել դատարան և միջնորդել, որպեսզի քննության առարկա դարձնեն։ Բայց քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը մուտք է արվել դատարան, այս պահին դատաքննության մեջ մտնելու փուլին ենք պատրաստվում, որը, կարծում եմ` կլինի հրապարակային։ Ընդհանուր գործից Դավիթի մասը անջատել և ուղարկել են դատարան, Միքայելի և Գևորգ Գևորգյանի գործը թողել են, նախաքննությունն այս մասով դեռ շարունակվում է», - հայտնել է փաստաբանը։

