Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Որքան էլ մարզային այցելությունների` իրենց համար ոչ ցանկալի պատկերը քողակվում էր «ուրախ ավտոբուսի» կադրերով, որոնք իբրև ցույց էին տալիս, թե ամեն ինչ այս երկրում «ուրախ» մակարդակի վրա է, սակայն Երևանում՝ բոլորովին այլ իրականություն էր դրսևորվում, առաջին հերթին, նրա համար, որ այդ ավտոբուսը չկար, հետո էլ ժողովուրդը՝ այդ երբեմնի «հպարտ քաղաքացին» այսօր մերժում է սուտն ու կեղծիքը, մերժում է հավերժ խաբկանքն ու հիմարացվածի կարգավիճակը:
Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք։ Տրանսպորտում, փողոցում, շենքերի մուտքերի մոտ մարդիկ այլևս չեն լռում։ Իսկ իշխանությունն ինչ է անում այդ քաղաքացիների նկատմամբ, ձերբակալում է, անգամ եկեղեցու միջից բերման են անում: Շատերը սա պատահական չեն համարում, քանի որ երբ իշխանությունը որտեղ հայտնվում է՝ լարում է առաջացնում, նշանակում է խնդիրը ոչ թե մարդկանց մեջ է, այլ իշխանության, որը հետևողականորեն գեներացնում էր բևեռացվածություն հասարակության ներսում:
Կհիշեք անվանումները, որով հասարակության գիտակցությունը լվում էին` «նախկիններ», «թալանչիներ», «օլիգարխներ», «սևեր ու սպիտակներ» անվանելով ու մարդկանց մեջ ստեղծելով «մենք»-ի և «նրանք»-ի արհեստական բաժանում, որպեսզի այդ էներգիայով մնան իշխանության ղեկին։ Հիմա էլ են այդպես անում:
Սակայն մի բան հստակ է ու տարբեր հասարակություններում ապացուցվել է բազմիցս, երբ տարիներ շարունակ հասարակությանը սովորեցնում ես զզվել, ատել ու նողկալ, զարմանալի չէ, որ մի օր այդ զզվանքի դրսևորումն ուղղվում է քեզ»:

