Մինաբի դպրոցին հարվածել են ամերիկյան երկու Tomahawk հրթիռներով․ Իրանի ԱԳՆ
Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին ուղղված հարվածը հասցվել է ամերիկյան երկու Tomahawk հրթիռների կիրառմամբ։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային։
«Նրանք օգտագործել են երկու Tomahawk հրթիռ։ Նպատակը միայն զոհերի առավելագույն թիվ ապահովելն էր։ Նրանք սպանել են շուրջ 170 անմեղ մարդու, շատ մեծ թվով երեխաների»,- ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Բաղային չի հաստատել, որ դպրոցի մոտակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտ է եղել, սակայն հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը նպատակաուղղված հարված են հասցրել քաղաքացիական օբյեկտներին՝ դրանք անվանելով ռազմական բազաներ։
Բացի այդ, նա Վաշինգտոնի հարձակումն անվանել է ամոթալի ագրեսիա, որն սկսվել է բանակցությունների հարցում Իրանի պատրաստակամության ֆոնին։ Դիվանագետը նաև երախտագիտություն է հայտնել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին՝ դպրոցի վրա հարձակումը դատապարտելու համար։
Մինաբի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումն իրականացվել էր փետրվարի 28-ին՝ այն օրը, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ սկսեցին «Առյուծի մռնչոց» անվանումը կրող ռազմական գործողությունը։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 170 մարդ, այդ թվում՝ անչափահասներ։
Աղբյուր՝ News.am

