Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Երեկ իշխանականները չհիմնավորված ոգևորության մեջ էին Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների առիթով, համաձայն որոնց՝ ՔՊ-ին վստահում է հարցվածների 18-24 տոկոսը` կախված հարցի ձեւակերպումից:
Այսինքն՝ մի ցուցանիշ, որը հեռու է ՔՊ-ականների քարոզչական փուչիկից, թե հունիսյան ընտրություններից հետո իրենք սահմանադրական մեծամասնություն են կազմելու։ Ընդ որում՝ տեղեկություններ կան, որ հարցման հրապարակված արդյունքներն իրականությունից բավականին հեռու են, իսկ նույն ընկերության կողմից արձանագրված իրական պատկերը բավականին տխուր է եւ իշխանությունների խնդրանքով է խմբագրվել։
Իշխանությունն իր արտաքին հովանավորներին համոզել է, որ նման սոցհարցումների միջոցով հնարավոր կլինի ազդել ընտրողների տրամադրությունների եւ ըստ այդմ` ընտրությունների արդյունքների վրա: Եթե ընտրողին համոզեն, որ ամեն ինչ կանխորոշված է, ՔՊ-ն առաջատարն է` չարժե գնալ ընտրությունների, ցածր մասնակցություն ապահովեն, հաղթանակն իրենց գրպանում կլինի։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում նման հարցումներ էլի են հրապարակվելու։

