Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Tasnim-ը։
«Իրանի արտգործնախարարն, ընդգծելով այդ երկրի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական քաղաքականությունը, հայտարարել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում։
Արաղչին, հիշատակելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունները, հերքել է, որ Իրանը որևէ արկ է արձակել այդ հանրապետության ուղղությամբ և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անցկացնում են անհրաժեշտ ստուգումներ և հետաքննություններ այդ հարցի վերաբերյալ։
Արաղչին հատուկ շեշտել է Իսրայելի ռեժիմի դերը նման հարձակումներում, որոնք նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը և խաթարել Իրանի լավ հարաբերությունները հարևանների հետ, հավելելով, որ վերջին օրերին նմանատիպ այլ միջադեպեր են նկատվել։
Իրանի արտգործնախարարն ափսոսանք է հայտնել այս միջադեպի ժամանակ մի քանի Ադրբեջանի քաղաքացիների վիրավորվելու կապակցությամբ և մաղթել նրանց արագ ապաքինում»,- հաղորդել է իրանական լրատվամիջոցը։
Աղբյուր՝ News.am

