Փախստականները. Լուսինե Հովհաննիսյան
Նրանք եկան 1990 թ.-ի հունվարի 15-ին
Հունվարի տասնհինգի երեկոյան մայրս, պատշգամբում կանգնած, մի քանի րոպե նայում է բակ մտած, հողաթափերով ու անհասկանալի հագուստով, հեկեկացող կնոջն ու ապշած ասում՝ մորաքույրս է: Մորաքույրն այդ պահին Երևանում չէր կարող լինել՝ Բաքվում էր ապրում: Մայրս իջավ, տուն բերեց արդեն պատկառելի տարիք ապրող կնոջը: Բաքվում մի կերպ նավ էին նստել ու հասել թուրքմենական Կրասնովոդսկ ծովափնյա քաղաք: Հետո, ինքնաթիռով Երևան էին եկել: Նրա պատմություններից ուրիշ իրականության մեջ էինք հայտնվել, և ութսունութի փետրվարից հետո, արդեն երրորդ անգամ խաթարվել էր կյանքը նորմալ ընկալելու ընդունակությունը:
Հաջորդ օրն այդ կինը մեր տնից զանգում էր Բաքու՝ իր տուն: Դեռ հեռախոսակապ կար: Զանգելու միտքը որևէ կերպ չէր հիմնավորում, ասում էր. «Ուզում եմ համարս հավաքեմ»: Խոսափողը վերցրին, մի ադրբեջանուհի էր, մորս մորաքույրը ռուսերեն էր խոսում` արանքում իր իմացած ադրբեջաներեն բառերը խառնելով, ու ամեն նախադասության վերջում դեռ ինչ-որ բանի հույս ունենալով` ասում էր «բաջի»:
Բաջին հայտնեց, որ տունը դատարկ է, ու ինքը մտել է բացարձակ դատարկ բնակարան: Տարիքն առած այս կինը լսափողը դնելուց հետո էլ լաց չեղավ, ասաց. «Ես ամբողջ կյանքում արթնացել եմ առավոտյան վեցին ու գործից տուն եմ եկել ութին, ես ուզել եմ լավ ապրել և աշխատել եմ, իսկ հիմա ինձ ասում են քո տունը դատարկ է, ու դու տուն չունես»:
Հետո եկան իր ընտանիքի մյուս անդամները. տարբեր չվերթերով էին հասել, ու բոլորը, ապրելով մեր տանը, անթաքույց մեղադրում էին մեզ՝ բռունցքներս բարձրացնելուց ու «միացում» գոռալուց առաջ իրենց մասին չմտածելու համար:
Մերոնք ըմբռնումով ու տանտիրոջ պարտավորեցնող կարգավիճակի պատճառով լռում էին, ես վիրավորվում էի և ամբողջ ուժս ու կորովս դրած` պաշտպանում էի մեր շարժումը «անգիտակից» փախստականների ոտնձգություններից: Հիմա, երբ ես հասուն տարիքում եմ, գիտեմ, որ ոչ մի գաղափար չի կարող ստիպել մարդուն հրաժարվել տնից ու դառնալ փախստական ուրիշ քաղաքում:
Իսկ Երևանը օտարներին չէր ընդունում
Ֆորմալ ընդունում էր և ընդունեց: Բայց նրանք մնացին ընդմիշտ «փախստականներ», «բաքվեցիներ», որոնց խոսվածքն ուրիշ է, սովորությունների մի մասը՝ նույնպես: Իսկ Երևանը միատարր էր ու սիրում էր, որ մյուսների ճաշերը իրենց ճաշի պես լինեն, սովորությունները՝ իրենց սովորությունների պես, էլ չասեմ՝ խոսվածքը: Հակառակ դեպքում` ծռմռում էին դեմքերն ու պիտակը կնքում ճակատին:
Նրանց մենք չէինք սպասում, չէինք պատկերացնում շարժման պատճառով հնարավոր սպանդները: Բաքուն հսկա քաղաք էր, շատ բազմազգ, թեև արդեն վերջին քսան տարում շատերն էին դուրս եկել: Սպանդը մենք չէինք կանխատեսել, թեև արդեն ունեինք Սումգայիթի ջարդը, բայց, հավանաբար կարծում էինք, որ մի անգամ ջարդը մտածված չկանխած խորհրդային բանակը թույլ չի տա դեռ գոյություն ունեցող խորհրդային պետության հսկա քաղաքներից մեկում իրականացնել այն, ինչ իրականացրին: Խորհրդային բանակն «ուշացավ» մեկ օր:
Բաքվի մտավորականությունը հիմնականում Երևան չեկավ: Նրանք միանգամից գնացին Մոսկվա, Լենինգրադ, հետո՝ ԱՄՆ, Ֆրանսիա: Այստեղ եկան բնազդով Հայաստան եկածները, նրանք, ովքեր հողաթափերով էին դուրս շպրտվել իրենց տներից:
Տեղացիներին դուր չեկան նաև նրանց մեղադրանքները: Ու հաճախ լսվեց` «հըլը սրանց տես» ընդգրկուն ու անփաստարկ դժգոհությունը:
Նրանց մեջ հրաշալի դերձակներ կային, կոշկակարներ, խոհարարներ, երաժիշտներ, ինժեներներ: Իրենք գիտեին մեծ ու բազմազգ քաղաքի շփման կանոնները, ծանոթ էին մեծ քաղաքի ինտերնացիոնալ հանդուրժողականության օրենքներին, բարեխիղճ էին ու զգուշավոր, որովհետև ապրել էին օտարների մեջ ու սովորել էին ընդունված կանոնների մեջ ապրելուն, նաև ռուսական միջավայրում սովորել էին պաշտպանել իրենց շահերը, ինչը մենք՝ տեղացիներս, անհամարձակ էինք անում կամ սովորել էինք իրականացնել «ծանոթներով»: Եվ հիմա, նրանք, բարեկեցության բոլոր հնարավորությունները կորցրած, եկել էին Հայաստան, որ սկսեն ապրել: Քաղաքաբնակները պահանջում էին իրենց քաղաքում տեղավորել, ինչը նորմալ էր, բայց Երևանում ասում էին` «հոժար էղեք, որ տեղավորում ենք»: Նրանց հոգեկան կոտրվածքների մասին մենք առանձնապես չէինք մտածում: Գումարած նրանց` սեփական իրավունքների համար ռուսական միջավայրում սովորած պահանջատիրությունը, ինչը մեզ լկտիություն էր թվում: Իսկ իրենք փաստերով պահանջում էին իրենց հասանելիք և իրենց հատկացված օգնությունը տալ իրենց՝ չկողոպտել երկրորդ անգամ: Երևանում նրանց «լաչառ» պիտակն էին կպցնում: Ու իրենք ավելի բողոքավոր էին դառնում:
Շատերը գնացին: Սկզբում գնացին նրանք, ովքեր ավելի լավ էին տեղավորվել, ավելի նորմալ պայմաններում էին ապրում, աշխատանք ունեին, և սա անհասկանալի էր: Հետո, գնացին նրանք, ովքեր տարիներ շարունակ ապրեցին Երևանի հանրակացարաններում, որտեղ պայմանները մարդու համար չէին: Բայց, նույնիսկ այդ պայմաններում փորձում էին սիրուն ապրել` տոները նշել, թխել, հագնվել, եղունգները ներկել ու հինա քսել մազերին, որ փայլը չկորցնեն, փորձում էին հայերեն խոսել ու ինտեգրվել: Սոցիալական պայմանները ստիպեցին շատերին գնալ: Աստիճանաբար դատարկվեցին քաղաքի հանրակացարաններն ու հյուրանոցները, հանգստյան տները: Լրագրողական ակտիվ փուլում ես եղել եմ քաղաքի բոլոր հանրակացարաններում, հյուրանոցներում, պանսիոնատներում, որտեղ ապրել են փախստականները: Տեսել եմ սարսափելի պայմաններ ու մարդկային պայմաններ: Նորքի հանգստյան տանը պայմանները լավն էին, ու իրենք բոլոր տոները կամ տխուր առիթներով հավաքները նշում էին միասին՝ հանգստյան տան նեղ միջանցքում սեղան բացելով, աշխույժ, իրար գոտեպնդելով: Ովքեր մնացին մինչև վերջ՝ բնակարան ստացան Մասիվի հանրակացարանի հարևանությամբ:
«Պրահա» հյուրանոցում ապրում էին գեղեցիկ, ջահել բաքվեցի կանայք, որոնց կենսախնդությունից կես ժամից վարակվում էիր`անկախ ամեն ինչից:
Ամենածանրը Արցախի փողոցի ու Չարբախի հանրակացարանների վիճակն էր: Մասիվի ուսանողական հանրակացարանում էլ էին փախստականներ տեղավորվել: Նրանք, ովքեր մնացին, հիմա երևանցի զավակներ ունեն, ակցենտն անհետացել է, ընդունել են տեղի կանոները, ու միայն երբեմն, երբ ռուսերեն են խոսում, զգում ես, որ ծնողները եկածներից են: Փախստական բառը դժվար է ջնջվում. երևանցիք սիրում են «կարգ ու կանոն»՝ պիտի տարանջատվի: Երևանը դժվար է ընդունել եկվորներին՝ «գաղթականներ», «ախպարներ», «փախստականներ» տարբեր թվերի պիտակավորմամբ:
Ստելլա Ղուկասովա
Մի քանի օր առաջ, Շենգավիթի հանրակացարանում գտա Ստելլա Ղուկասովային: Ղարաբաղյան շարժման 30- ամյակի օրն էր: Մի անգամ էլ էի եկել՝ չէի գտել: Հիմա, անկողնում էր ու հիվանդ:
Մենք նրան Ստելլա էինք ասում, թեև նա տարիքով մեզնից շատ մեծ էր, ինքն էր այդպես ուզել: Ծանոթացել էինք իննսունականների վերջին: Բաքվի մտավորական տեսակից էր Ստելլան: Հայրը մասնագիտությամբ արևելագետ էր եղել, մայրը՝ մանկավարժ: Ասում էր՝ մայրս գրաբար գիտեր: Մայրը Հայաստանում վախճանվեց, ու Ստելլան մնաց մենակ:
Բաքվի նրա տան հասցեն Ապրիլի 28-ի փողոցն էր: Այդ փողոցը շատ նման է եվրոպական մայրաքաղաքների կենտրոնական փողոցներին: Փողոցի նախկին անուններն են՝ «Լինդլեյի», «Ռոմանովների», «Տելեֆոննայա»: Առաջին անվանումն ի պատիվ ինժեներ Վիլյամ Լինդլեյի էր, որը Բաքվին մատակարարեց խմելու ջուր: Փողոցի շենքերի ճարտարապետներն են Իոան Էդելը, Ադոլֆ Էյխլերը, լեհ Իոսիֆ Պլոշկոն: «Տելեֆոննայա» անունը ստացել է, երբ գերմանացի, մոսկվաբնակ առևտրական Գուստավ Լիստը այս փողոցի վրա կառուցեց հեռախոսային առաջին կայանը: Մոտավորապես պատկերացրիք փողոցը: Այս փողոցի շենքերից մեկում ծնվել ու մեծացել էր Ստելլա Ղուկասովան: Սովորել էր Մոսկվայում, մասնագիտությամբ հոգեբան է: Նրանց տեղավորել էին Շենգավիթի հանրակացարաններից մեկի մի փոքր սենյակում: Ստելլան նույնիսկ այն ժամանակ չէր բողոքում, բայց պայքարում էր մյուս փախստականների համար: Իննսունականներին չէր համակերպվում անարդարությունների հետ: Կարող էր ծեծել բոլոր պաշտոնյաների ու պատասխանատուների դռները ու արդարություն պահանջել, կռվում էր, ձայնը բարձրացնում էր, անհաշտ էր վատ բաների հանդեպ: Բայց միշտ ուրիշ փախստականների համար էր պայքարում, իր համար չէր պայքարը:
Մյուսներից տարբեր էր Ստելլան: Ինքը նյութական բաներ չէր պահանջում, այլ՝ արժանապատիվ վերաբերմունք:
Մի քանի լրագրողներով մոտ էինք Ստելլայի հետ: Գնում էինք իր հանրակացարան, իրեն էի հրավիրում մեր տուն: Անընդհատ վախենում էր խանգարել, պարտադրել իր ներկայությունը: Ստելլայի պատմությունը ես գիտեի, շատերին եմ պատմել, ու մինչև հիմա պատմելիս շնչառությունս արագանում է: Իսկ Ստելլան արդեն 28 տարի ապրում է այդ շնչառությամբ:
Նրանք՝ մայր ու աղջիկ, Բաքվից դուրս էին եկել հունվարյան դեպքերից առաջ ու գնացել էին Թիֆլիս: Թիֆլիսում, 1990-ի հունվարի տասներեքին ծանոթներից մեկը Ստելլային խնդրում է իր համար Բաքվի մի տոմս առնել, ու Ստելլայի մտքում ծնվում է իր համար էլ տոմս առնելու ծայրահեղ վատ գաղափարը: Մեկնում է Բաքու՝ տեսնելու ինչ վիճակում է տունը: Հասնում է քաղաք, անհասկանալի է, թե ինչպես, հասնում է տուն, մտնում է սեփական բնակարան, ու մի քանի րոպեից հեռախոսը զանգում է: Ծանոթ ադրբեջանցիներից մեկը հասցնում է ասել, որ շտապ դուրս գա տնից ու արագ գնա իրենց տուն: Գիշերում է ադրբեջանցիների տանը: Ասում է՝ ադրբեջանցիների տանը հեռուստացույցով սարսափելի բաներ էին ցույց տալիս, իսկ իրեն ապաստան տված ադրբեջանցիները ներողություն էին խնդրում ու հաստատում, որ իրենք համաձայն չեն այս զարհուրելի բաների հետ: Առավոտյան նրանք իրենց մեքենայով Ստելլային բերում են կայարան, որ գնացք նստի, հեռանա քաղաքից: Ջարդերը սկսվել էին: Մինչ այդ, նրան հագցնում են ադրբեջանուհու շորեր, խայտաբղետ գույներով շալը կապում են գլխին, ինչպես իրենք են կապում: Կառամատույցում իրեն ուղեկցող ադրբեջանցիները տեսնում են, որ ժողովրդական ճակատի ներկայացուցիչները գնացքից իջեցնում են հայերին՝ առանձնացնելով կանանց ու տղամարդկանց: Ուղեկցողները համոզում են վերադառնալ տուն: Ստելլան հրաժարվում է: Սովորական կողմից գնացքին մոտենալն անհնար է լինում: Հետևի կողմից է փորձում՝ մտնելով կանգնած գնացքների տակ: Ասում է. «Երբ գնացքի տակ էի, գնացքը մի փոքր շարժվեց, ու ես հրաժեշտ տվի աշխարհին»: Բայց գնացքը կանգ է առնում, ու այդպես երեք անգամ շարժվում և կանգ է առնում: Ի վերջո, մտնում է գնացք, գտնում իր կուպեն: Ասում է` պառկեցի այնպես, ինչպես ադրբեջանուհիներն են պառկում գնացքներում՝ գլուխս դռան կողմը, ոտքերս՝ սեղանին ու կուպեի դուռը՝ բաց, որ անկաշկանդ թվա: ժողովրդական ճակատի անդամները մտնում են կուպե, մի քանի վայրկյան կանգնում,նայում են շուրջը ու դուրս գալիս: Այդ պահին, ասում է. «Ես աղոթում էի ու հոգևորական պապիցս ներողություն խնդրում, որ ազգանունիցս հանել եմ Տեր բառը, խոստանում էի անպայման վերականգնել, միայն թե նա փրկի ինձ»: Ստելլան առաջ էլ, հիմա էլ ասում է՝ այդ մի քանի վայրկյանը այն դժոխքն էր, որից հետո ապրածս բոլոր օրերը երջանկություն են: Հիմա, արդեն անկողնում պառկած ու շատ հուսահատ Ստելլան ասում է մի միտք, որ մեզնից շատերը չեն օգտագործում. «это такое счастье, что я живу»: Ու այս նախադասությունը կրկնում է մի քանի անգամ: Ազգանվան «Տեր»-ը վերականգնել է:
Ֆինանսական ցանկացած օգնություն մերժում է:
Ասում է. «Մարդիկ մեզ ընդունել են, պետության համար էինք մենք ոչինչ: Պետությունը մեզ քաղաքացի սարքելու նպատակ չուներ, մեզ հասցեագրված ֆինանսական օգնությունների կողոպուտն արգելելու նպատակ չուներ, արդարություն հաստատելու նպատակ չուներ, առհասարակ չկար մարդու արժանապատվության ու բարեկեցության նպատակ»: Ստելլան իրոք նյութական որևէ բանից չի խոսում, ու զգում ես, որ չունի դրա պահանջը, թեև պայմանները, որում ապրում է, ավելի սուղ չեն լինում: Մեկ այլ մարդու մասին գրելիս կնկարագրեի հատակը, պատերը, չջեռուցվող սենյակի ցուրտը: Հիմա դա չեմ անում, որովհետև Ստելլան դրան նայում է մի տեսակ անտարբեր, չի կարևորում: Բայց արժանապատվությունը վիրավորված է օրինակ նրանից, որ «Փարոս»-ը նոր տարուց առաջ որպես օգնություն մի հավ ու բրինձ է բաժանել: Ասում է. «Միթե չէր կարելի որևէ աննշան, բայց գեղեցիկ մի բան նվիրել, չէ որ Նոր տարի է, ես չեմ ուզում ստանալ այդ նվաստացումը, թեև մարդիկ իրար ծեծում էին այդ հավի համար»:
Ավելացնում է՝ քսանութ տարում ոչինչ չփոխվեց, միայն մեր հոգեկան ու ֆիզիկական վիճակը փոխվեց: Մեկ էլ ասում է. «Рафика помнишь? Умный был парень, кандидат философских наук, сошел с ума и скончался»:
Իմ այցը Ստելլայի համար անակնկալ էր: Սկզբում ինձ չճանաչեց: Հետո ուրախացավ շատ, շնորհակալ էր շատ: Սենյակի տեսարանը ողբերգական էր այն առումով, որ կյանքը էլի պարտված էր սենյակում: Վերջին տարիներին այդպիսի տներ շատ էի տեսել: Ստելլան պառկած էր, անտարբեր՝ շուրջը տիրող խառնաշփոթին: Նա միայն հին կյանքի մասին պատմելիս անտարբեր չէր: Սենյակը ցուրտ էր, ինքը նույնիսկ չէր ծածկվում: Անկողնուց բարձրացել էր, բոբիկ ոտքերը կախել մահճակալից, ասում էի ՝ կմրսեք, ասում էր՝ թող խոսեմ: Պատմեց, որ վատացել է սթրեսից հետո. «բակում անօրինական շինություն էին սկսել, ոչ ոք չէր բողոքում, իսկ ես չէի կարող լռել»: Ստելլայի ոճն է՝ ոչ մի անօրեն բանի հանդեպ անտարբել չլինել ու չթաքցնել գլուխը, չնայած որ ինքը դրանից ոչ մի շահ չունի:
Երբ հեռախոսով պայմանավորվեցի հաջորդ այցի մասին, ինքը խնդրեց մեկ օրից գալ: Պայմանավորվել էինք, որ գնանք՝ նկարելու:
Հաջորդ այցին լրիվ ուրիշ պատկեր էր: Կյանք էր մտել տուն: Այսպիսի մետամորֆոզներ լինում են միայն կինոյում ու դառնում են ամենասիրած կադրերը: Սենյակը մաքրվել ու դասավորվել էր ամբողջությամբ, կլոր սեղանին մոր ասեղնագործած սպիտակ սփռոցն էր, բաքվեցիները պաշտամունք ունեն սպիտակ, ասեղնագործ, օսլայած սփռոցների:
Մյուս սեղանին ուրիշ սիրուն սփռոց էր ու մրգեր, կոնֆետներ, մուրաբա, թխվածք: Անկողինը սիրուն հավաքված էր ու ծածկված` ճաշակով ծածկոցով: Ստելլան մազերը հավաքել էր, կոկիկ հագնվել: Նրան հիշել են, ու կյանքը մտել է նույնիսկ Շենգավիթի սովետական կարգերից հետո չվերանորոգված հանրակացարան: Մարդը կենդանացել էր, իրեն հիշել են:
Ինչ-որ կոնտեքստում ասացի. «Հաջորդ անգամ»: Ինքն ասաց. «Հաջորդ անգամը կարող է…» ու՝ բազմակետ: Ինքն այս մաքրությունն արել էր, սփռոցները փռել էր ընդամենը աչքի առաջ ունենալով այս մի հանդիպումը, մյուսի երաշխիք չունի մտքում ու նույնիսկ այդ դեպքում ոգևորվել է:
Ահա, այսպիսի մտածելակերպով այս մարդը հսկա քաղաքի կենտրոնի «Տելեֆոննայա» փողոցից հետո արդեն քսանութ տարի ապրում է Շենգավիթի հանրակացարանի խցում: Հայաստանի Հանրապետությունը չուզեց նրանց իրենցը դարձնել, չտարբերակել, չդարձնել նպաստի համար իրար հետ կռվող ամբոխ: Ստելլան ազնիվ կին է, ու ասում է. «Գիտես, փախստականների վարչությունում ամենաանմարդկայինը վարչությունում աշխատող փախստականներն էին»:
«Ամենամեծ կորուստս, որ ունեցել եմ, մեր գրադարանն էր, իսկ հետո մարդկանց հանդեպ հավատը: Ես հիասթափված եմ մարդկանցից` շատ երկար նրանց շահերի համար պայքարելուց հետո»:
Բաքվի իր տնից Ստելլան հասցրել էր վերցնել երկու բան. առաջինը՝լուսանկարները, որ ադրբեջանցիների ձեռքը չընկնեն, երկրորդը՝ նավթով վառվող հին լամպը: «Այդ լամպը երեք գենոցիդ է տեսել»,-ասում է Ստելլան, ու ես ամաչում եմ ճշտել՝ որն է առաջին գենոցիդը:
Այդ սենյակում ամաչում ես նույնիսկ մրսել, որովհետև ինքը չի մրսում: 2018թ.-ի փետրվարի քսանին, Ստելլայի սենյակում ես չէի կարողանում հիշել նյութականն այդքան անկեղծ չկարևորող մի մարդու, մի ուրիշ տարածք, որտեղ նյութեղեն որևէ բան կարևոր չէր ու հոգևորին այդքան կարևորություն տվող որևէ այլ մարդու, քան բոլորին անհայտ Ստելլա Ղուկասովան:
Նրանք մեր ամենաթանկ շարժման «կենդանի զոհերն» են:
Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրը՝ Hetq.am