Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության
Բուժաշխատողները սոցիալական հարթակներում ֆլեշմոբ են սկսել՝ արձագանքելով առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի գրառմանը, որը որոշ ժամանակ անց հեռացվել էր, սակայն հասցրել էր լայն արձագանք ստանալ մասնագիտական համայնքում։
Խոսնակը իր գրառմամբ կասկածի տակ էր դրել այն, որ բուժաշխատողները դժգոհություններ ունեն․ «Որտե՞ղ են բուժաշխատողները, գուցե ճշտեիք՝ ո՞վ է լիազորել ՀԿ ներկայացնող երեք անձանց խոսել ՀՀ բոլոր բուժաշխատողների անունից»։
Ֆլեշմոբի մասնակից բուժաշխատողները նշում են, որ նախաձեռնող խմբի բարձրացրած խնդիրները վերաբերում են ոլորտի լայն շրջանակներին և արտահայտում են իրական մտահոգություններ։
Հիշեցնենք, որ երեկ «Բուժաշխատողների նախաձեռնող խումբը» պաշտոնական նամակներ էր հանձնել ՀՀ Ազգային ժողով՝ դիմելով խորհրդարանական բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահին։ Խումբը պահանջում է կազմակերպել հանրային լսումներ համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության նախագծի շուրջ առկա խնդիրների վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ նոր կարգավորումների արդյունքում մի շարք բուժաշխատողների աշխատավարձերը զգալիորեն նվազել են, նաև ոտնահարվում են բուժաշխատողների իրավունքները։
Աղբյուր՝ Aysor.am

