Վաշինգտոնի կողմից ՀՀ-ին առաջարկվող փոքր հզորության ատոմակայանները գոյություն չունեն նույնիսկ ԱՄՆ տարածքում. Զախարովա
Հայաստանը, անշուշտ, ազատ է համագործակցելու այն գործընկերների հետ, որոնց հետ նպատակահարմար կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը հարցեր է առաջացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ատոմակայանները, ահա այստեղ թմբուկների զարկեր, գոյություն չունեն նույնիսկ ԱՄՆ տարածքում։ Դրանք ընդհանրապես գոյություն չունեն, միայն թղթի վրա են։ Եթե դա այդպես չէ՝ ուղղեք ինձ։ Ես փորձել եմ հասկանալ, թե որտեղ կարելի է տեսնել այդ էներգետիկ հրաշքները»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որն արդեն շահագործում է փոքր հզորության ատոմակայաններ և բազմիցս գործընկերներին առաջարկել է տարբեր հզորությունների փորձարկված ռուսական լուծումներ։

